Մեկնարկել է հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը
Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգեր միացել են իրենց հայ գործընկերներին՝ օգնելու Արցախի վերջին հակամարտության ընթացքում տուժած զինծառայողներին:
Այդ համագործակցության շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկել է Արցախյան վերջին հակամարտության արդյունքում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովը: Այն կազմակերպվել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի (Assistance publique-Hôpitaux de Paris (AP-HP), Լիոնի համալսարանական հիվանդանոցների և Լիոնի հոսպիտալի Վինատիե կենտրոնի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության բարձր հովանավորության ներքո:
Համաժողովի բացման խոսքով հանդես է եկել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, այնուհետև միջոցառման մասնակիցներին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ողջույնի խոսքն է փոխանցել նրա օգնական Գևորգ Մելիքյանը:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր՝ վերջին 30 տարիների ընթացքում, պատմականորեն եկած բարեկամության հիմքով երկու ժողովուրդների միջև ձևավորվել են միջպետական մակարդակի առանձնահատուկ հարաբերություններ:
«Այս ամենի վառ ապացույցն է նաև Արցախյան 44-օրյա պատերազմի, ինչպես նաև հետագա մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայի ցուցաբերած բժշկական շարունակական աջակցությունը՝ ուղղված հայ զինվորներին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կատարած մասնագիտական աշխատանքի և մարդասիրական վերաբերմունքի համար: Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության շրջանակում մեծապես կարևորում եմ Հայաստանում վերականգնողական բժշկության զարգացումը, որի արդյունքում հնարավոր կլինի նաև վերափոխել կրթահետազոտական ծրագրերը»,- նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ հայ-ֆրանսիական բարեկամական համագործակցության արդյունքում հնարավոր կլինի ստեղծել նոր և հիմնարար պայմաններ՝ ուղղված Հայաստանում բժշկական կրթության զարգացմանը և հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև բժիշկների շարունակական վերապատրաստմանը:
Ըստ Վահրամ Դումանյանի՝ համաժողովը լավ մեկնարկ կհանդիսանա նաև Երևանի պետական բժշկական համալսարանում ֆրանսերենի զարգացման համար, որի արդյունքում բուհի ուսանողները հնարավորություն կունենան սովորելու Ֆրանսիայում՝ համալսարանական հիվանդանոցների կենտրոններում ձեռք բերելով գիտելիք և հմտություններ:
Միջոցառման մասնակիցներին ողջունել և հայ-ֆրանսիական համագործակցությանն են անդրադարձել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Փարիզի համալսարանական հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մարտին Հիրսչը և Լիոնի քաղաքացիական հիվանդանոցային համակարգի գլխավոր քարտուղարը:
Նշենք, որ համաժողովի նպատակը հայ և ֆրանսիացի մասնագետների միջև փորձի փոխանակումն է, ինչպես նաև առողջապահության ոլորտում երկու պետությունների միջև տևական համագործակցության հեռանկարը: Համաժողովն իր աշխատանքները կշարունակի հոկտեմբերի 14-ին և 15-ին:
Կարծիքներ