Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալ Ժան Չենգֆուի հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալ Ժան Չենգֆուի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը հանդիպում են ունեցել ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալ Ժան Չենգֆուի հետ։

Այս մասին հայտնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում դիտարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները, նախանշվել հետագա աշխատանքների իրականացման ուղղություններն ու ձևաչափերը։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել երկու երկրների տարեցների հիմնահարցերի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում մատուցվող ծառայությունների շրջանակին ու որակի բարելավմանն ուղղված աշխատանքներին։

Քննարկվել են նաև ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց տրամադրվող ծառայությունների առանձնահատկություններն ու ընթացակարգերը՝ հաշվի առնելով, որ օրերս Հայաստան կատարած այցի շրջանակում Ժան Չենգֆուն եղել էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատ» և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ներում։

ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալը խոսել է իր դրական տպավորությունների մասին և տվյալ ոլորտներում փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնել։

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակում նախատեսվող աշխատանքներն իրապես կնպաստեն երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում