Մեծ Բրիտանիան «սև ցուցակում» է ներառել ռուսաստանցի 7 օլիգարխի

Մեծ Բրիտանիան «սև ցուցակում» է ներառել ռուսաստանցի 7 օլիգարխի

Հինգշաբթի Մեծ Բրիտանիան ընդլայնել է իր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ «սև ցուցակում» ներառելով ևս յոթ ռուսաստանցի մեծահարուստի:

Թագավորության ԱԳՆ հրապարակած փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցների են ենթարկվել  «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը, լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, գործարար Օլեգ Դերիպասկան (EN+ Group), «Ռոսիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդևը և «Տրանսնեֆտ»-ի ղեկավար Նիկոլայ Տոկարևը։

Այս բոլոր անձանց մուտքը Միացյալ Թագավորության տարածք արգելված է, երկրում նրանց ակտիվները ենթակա են սառեցման։ Նրանց նաև արգելված է գործարքներ կնքել բրիտանական անհատների և կազմակերպությունների հետ, ինչը կարող է շատ ավելի դժվարացնել Աբրամովիչի համար «Չելսի»-ի վաճառքը: Սահմանվել է նաև, որ «սև ցուցակից» ռուսաստանցիներին պատկանող ինքնաթիռները կարող են առգրավվել բրիտանական իշխանությունների կողմից, եթե նրանք հայտնվեն թագավորության տարածքում, նույնիսկ եթե սեփականատերը ինքնաթիռում չլինի։

«Պուտինին և նրա շրջապատին մեկուսացնելու Միացյալ Թագավորության կառավարության ջանքերի շրջանակներում կսառեցվեն այդ օլիգարխների ակտիվները Մեծ Բրիտանիայում, որոնք կազմում են մոտ 15 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Նրանց արգելվում է ճանապարհորդել այստեղ, իսկ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին կամ ընկերությունները չեն կարող նրանց հետ բիզնես վարել»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, մեկնաբանելով կիրառված պատժամիջոցները, խոստացել է շարունակել հալածանքները Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր աջակցում են Ուկրաինայում ռազմական գործողությանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում