Քաղաքականության և գահերի խաղերի ժամանակը չէ. Սերժ Թանկյանը միասնականության կոչ է անում
Աշխարհահռակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ակնհայտ է համարում, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ստորագրված համաձայնագիրը Հայաստանին պարտադրված էր՝ թշնամիների բազմության և միջազգային հանրության դաշնակիցների անգործության պատճառով և կոչ է անում այս իրավիճակում միասնական լինել:
«Ֆեյսբուքի» իր էջում հրապարակած տեսանյութում Թանկյանը նշում է, որ բոլորի պես վշտանում է՝ մեր երիտասարդ զինվորների, հողերի և հավաքական միասնության կորստի համար:
«Անցյալ 45 օրվա ընթացքում, չնայած ծայրահեղ դժվարություններին, ես ոգեշնչվեցի մեր ժողովրդի միասնականությամբ, ազգի և ապագայի օգտին մոբիլիզացվելու մեր ունակությամբ: Ինձ համար ակնհայտ է, ինչպես պետք է, որ լիներ ձեզ համար, որ համաձայնագիրը, որը ստորագրվեց, պարտադրված է մեզ`մեր թշնամիների բազմության և միջազգային հանրության մեր դաշնակիցների անգործության պատճառով: Ձեզ նման զայրացած եմ մեր պատմության մեջ մեկ անգամ եւս օգտագործվելու հնարավորությունից»,- ասաց Թանկյանը:
Նրա խոսքով, սակայն, պետք է լուծել ներսում առկա անկայունությունը:
«1994 թվականին Արցախում հրադադարի ռեժիմից ի վեր մենք հնարավորություն ունեցանք ամրապնդելու մեր ազգի դիվանագիտությունն ու ռազմական գործողությունները, բայց փոխարենը զոհ դարձանք կոռուպցիային և օլիգարխիային: Սփյուռքի քաղաքական և տնտեսական ներուժն ակտիվացնելու փոխարեն նրանք նախընտրեցին մեզ օգտագործել որպես բանկային բանկոմատների մեքենաներ»,-ասում է ռոք երաժիշտը:
Նա նշում է, որ ՀՀ քաղաքացիները մի քանի տարի առաջ Հանրապետության հրապարակում որոշեցին այդ ամենը փոխել, և հայ ազգը վերածնվեց: Քաղաքացիների ցանկություններին հակադարձել փորձողներին դիմելով՝ Թանկյանն ասաց՝ նրանց ժամանակը չէ: «Ձեր ժամանակն ավարտված է: Քաղաքականության և գահերի խաղերի ժամանակը չէ, ոչ էլ մեր երկրի ներսում ավազակության և թալանի զզվելի պատկերների»,- ասում է Թանկյանը:
Նրա կարծիքով՝ դա ամոթալի և վիրավորական է այն ընտիր զինվորների համար, ովքեր իրենց կյանքը տվեցին՝ պայքարելով հայ ազգի գոյության համար:
«Մենք թույլ չենք տա ձեզ այլևս բաժանել մեզ: Բոլորս շատ հարցեր ունենք: Բայց որպեսզի այս հարցերը օբյեկտիվորեն պատասխան ստանան, մենք պետք է թույլ տանք, որ տեղի ունենա ժողովրդավարական գործընթաց: Ի վերջո, ի տարբերություն մեր հարևանների, մենք ժողովրդավար ենք, միգուցե երիտասարդ և անփորձ, բայց ժողովրդավար ենք: Եկեք վերահասցեագրենք մեր զայրույթն ու կատաղությունը և դրանք օգտագործենք որպես քայլաքարեր՝ միավորված Հայաստանի համար և ամեն օր քրտնաջան աշխատենք այս պատերազմի աղետալի իրադարձությունների հաղթահարման, արդարությանը հասնելու ուղղությամբ: Եկեք միասին կառուցենք ավելի ուժեղ, ավելի հզոր, բայց արդար ազգ ու երկիր՝ մեկը, որը ոչ ոքի չի պատասխանում և ոչ ոքի ենթակա չէ»,- եզրափակում է Թանկյանը:
Կարծիքներ