Բայդենի առաջին հրապարակային ելույթը նախագահի պաշտոնում

Բայդենի առաջին հրապարակային ելույթը նախագահի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի ելույթ ունեցավ համաճարակի պատճառով իրականացրած լոքդաունի առաջին տարելիցի կապակցությամբ՝ տեղեկացնում է Reuters-ը:

Նախագահի պաշտոնում ազգին ուղղված իր առաջին ելույթում, որը գնահատվեց համոզիչ, բայց մռայլ, նախագահը վստահեցրեց, որ աշխատում է արագացնել COVID-19 պատվաստումները, որպեսզի մինչև հուլիսի 4-ի Անկախության տոնին երկիրը վերադառնա բնականոն կյանքին:

«Չնայած տարբերություններին, բոլորս ինչ-որ բան կորցրինք»,- ասաց նա՝ նշելով, որ վիրուսը «օրեր, այնուհետև շաբաթներ, հետո ամիսներ շարունակ ժխտվել է, ինչը հանգեցրել է ավելի շատ մահերի, ավելի շատ վարակների, ավելի շատ սթրեսի ու միայնության»:

Նախորդ տարի Բայդենը քարոզարշավի ժամանակ խոստացավ, որ կկարողանա համաճարակն ավելի արդյունավետ հաղթահարել, քան հանրապետական ​​նախագահ Դոնալդ Թրամփը: Բայդենը ձգտում էր խրախուսել դիմակ կրելը, ինչը Թրամփն անտեսում էր:

Բայդենը ցուցաբերել է զգուշավոր լավատեսություն, աշխարհի մյուս պետությունների նման ԱՄՆ-ն էլ հոգնել է համաճարակային սահմանափակումներից և տնտեսական խնդիրներից:

Նա կոչ է արել ամերիկացիներին շարունակել ջանքերը կորոնավիրուսի հետևանքները մեղմելու ուղղությամբ՝ դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը, հետևել հիգիենայի կանոններին:

«Եթե դա անենք միասին, մինչև հուլիսի 4-ը, ամենայն հավանականությամբ, ընտանիքներով ու ընկերներով կկարողանաք հավաքվել ու միասին նշել Անկախության օրը»,- ասել է ԱՄՆ նախագահն իր ուղերձում:

Նույն օրը Բայդենը ստորագրել է «Ամերիկյան փրկության ծրագիրը» օրենքը, որը նախատեսվում է ֆինանսապես աջակցել տուժած ամերիկացիներին և խթանել տնտեսությունը:

Օրենքը 1.9 տրիլիոն դոլարի տնտեսական օգնության փաթեթ է, որը նախատեսում է 1400 ԱՄՆ դոլարի ուղղակի, միանվագ վճարներ տրամադրել ամերիկացիների մեծ մասին, ինչպես նաև հարկային արտոնություններ՝ միլիոնավոր ընտանիքներին:

Վերլուծաբանները փաթեթը համարում են դեմոկրատ նախագահի քաղաքական մեծ հաղթանակը նրա կառավարման երկու ամսվա ընթացքում: Առաջիկա շաբաթներին Բայդենը և նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները կսկսեն հաղթական շրջանը՝ իրազեկելու և բացատրելու օրենսդրությունը, որը չորեքշաբթի հաստատվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:

Հանրապետականները, սակայն, չեն աջակցել օրինագծին՝ դժգոհելով, որ գինը չափազանց բարձր է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում