Ֆինանսական հատկացումներ՝ կրթական, մշակութային և մարզական հաստատությունների բարեկարգման համար

Ֆինանսական հատկացումներ՝ կրթական, մշակութային և մարզական հաստատությունների բարեկարգման համար

Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված կապիտալ ծախսերի միջև կատարվել է վերաբաշխում՝ 22 մլն 879 հազար դրամի չափով: Գումարն ուղղվելու է մի շարք ուսումնական հաստատությունների շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովմանը:

Մասնավորապես՝ միջոցներ են հատկացվել արհեստագործական և միջին մասնագիտական հետևյալ հաստատություններին՝

Երևանի թիվ 8 ուսումնարան. հակահրդեհային և հրդեհաշիջման համակարգի նախագծման համար: Միաժամանակ, ուսումնարանում ներկայում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, որոնք մեկնարկել են 2023 թվականին։
Արթիկի քոլեջ. ուսումնարանի մասնաշենքի տանիքի և մարզադահլիճի մասնաշենքի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար:
Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ. հաստատությանը ամրացված շենքի մի հատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար:
Երևանի պարարվեստի քոլեջ. հաստատությանն ամրացված շենքի մասնակի նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով:
Գումար կհատկացվի նաև Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կաթսաների փոխարինման համար։

Որոշմամբ նախատեսվում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Աբովյանի կրթահամալիրին հատկացնել կապիտալ դրամաշնորհ 17 մլն 147 հազար դրամի չափով, որից 16 մլն 895 հազար դրամը` վերջինիս խնայողությունների հաշվին: Գումարն ուղղվելու է դպրոցի սանհանգույցների նորոգմանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ ԿԳՄՍՆ 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 60 մլն 242 հազար դրամ գումարի չափով:

Որոշմամբ նախատեսվում է ապահովել կրթական և մշակութային հաստատությունների և ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների կատարումը, դրանց գույքով ապահովումը: Մասնավորապես՝ Մեծ Պարնու ակադեմիկոս Մ․ Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցին և Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցին ամրացված շենքերի տանիքների հիմնանորոգման, ինչպես նաև Կոտայքի մարզային գրադարանի թեքահարթակի և աստիճանների կառուցման համար կհատկացվի 47 մլն 615 հազար դրամ: 12 մլն 626 հազար դրամ էլ կհատկացվի Մշակույթի զարգացման հիմնադրամին՝ գույքով և տեխնիկայով ապահովման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում