Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դժվարություններին, այդուհանդերձ, Երևանի և Բաքվի միջև հակամարտության սրացում չի սպասվում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է միջազգային վարկանիշային գործակալության հրապարակած զեկույցում։
«Հայաստանը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարածքային վերահսկողության ամբողջական կորստից հետո», - նշված է զեկույցում:
Fitch-ի կարծիքով՝ համապարփակ խաղաղության համաձայնագիրը դժվար է լինելու՝ պայմանավորված Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքով միջանցք ունենալու, ինչպես նաև վերջինիս Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ պահանջով, որին քաղաքականապես համաձայնելը դժվար կլինի։
«Մեր բազային գործը չի ներառում հակամարտության սրում, թեև ադրբեջանական զորքերը շարունակում են ներկայություն ունենալ Հայաստանի տարածքում, և ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել փոխհրաձգություններ», - նշում է գործակալությունը:
Վերջինս իր զեկույցում անդրադարձ է կատարել նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին՝ նշելով․ «Ըստ երևույթին, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացել են, երբ Հայաստանը դադարեցրել է մասնակցությունը և բյուջետային վճարումները Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը` միաժամանակ զորավարժություններ անցկացնելով ԱՄՆ-ի հետ: Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ առևտրային կապերը մնում են ամուր, իսկ էներգետիկ անվտանգության հարցում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է»:
Fitch-ը չի ակնկալում Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ ԵՄ-ի երկրորդական պատժամիջոցներ, և ակնկալում է, որ Հայաստանի ֆինանսական հատվածը կկատարի Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները:
Կարծիքներ