ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է համավարակի հետևանքով աշխարհում աղքատության մակարդակի բարձրացման մասին

COVID-19 համաճարակը ավելի քան 100 միլիոն մարդու աղքատության է մատնել, ավելի քան չորս միլիարդ մարդ գործնականում սոցիալական աջակցություն չունի, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կորոնավիրուսային համավարակից պետությունների վերականգնմանը նվիրված միջոցառմանը:
«Համավարակը ավելի քան 100 միլիոն մարդու աղքատության մեջ է դրել: Ավելի քան չորս միլիարդ մարդ գործնականում չունի սոցիալական աջակցություն, չունի առողջապահական խնամք, չունի եկամուտների պաշտպանություն», – ասել է Գուտերեշը:
Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունն աշխարհում միլիոնավոր նոր մահերի պատճառ է դառնում և երկարացնում տնտեսական անկումը, որը կարող է արժենալ տրիլիոնավոր դոլարներ և ամենից շատ հարվածել ամենաաղքատ երկրներին:
«Մեզ պետք է համարձակ հավաքական մղում՝ համավարակի վերացման և գլոբալ տնտեսության կայուն և համապարփակ վերականգնում ապահովելու համար», – ասել է գլխավոր քարտուղարը:
Ըստ Գուտերեշի՝ կանխատեսումները ցույց են տալիս, որ աշխարհը գտնվում է համաշխարհային տնտեսության զգալի վերականգնման արանքում`«ՀՆԱ-ի աճը տատանվում է 5%-ից մինչև գրեթե 6%»:
«Բայց ահագին անհամապատասխանություն կա թվերի մեջ: Շատ զարգացող երկրներ և տարածաշրջաններ բավականին հետ են մնում: Զարգացած պետությունները տնտեսության վերականգնման համար ներդնում են իրենց ՀՆԱ-ի գրեթե 28%-ը: Քիչ զարգացած երկրների համար այս ցուցանիշը 1.8% է»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նա հորդորել է ավելացնել ներդրումների ծավալը և դրանք ուղղել ինչպես ճգնաժամի հետևանքների կարճաժամկետ հաղթահարմանը, այնպես էլ երկարաժամկետ վերականգնմանը:
Կարծիքներ