Ստեփանակերտի նախկին քաղաքապետը և ևս 3 անձ ձերբակալվել են
Առերևույթ խարդախությամբ, փաստաթղթերի կեղծմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 4 ավտոմեքենաների հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կայացվել է նրանց ձերբակալելու որոշում։
Ձերբակալվածներն են Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքային տեսչության եկամուտների բաժնի պետ աշխատած Սուսաննա Բեգլարյանը, Սաշա Ղազարյանն ու Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն հանդիսացած Գագիկ Պողոսյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Սարգսյանը, Սուսաննա Բեգլարյանի օժանդակությամբ, Սաշա Ղազարյանի և Գագիկ Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև պատրաստել է իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր և Սաշա Ղազարյանի ու Գագիկ Պողոսյանի հետ խմբի կազմում օգտագործել դրանք։
Մասնավորապես, Դավիթ Սարգսյանը, խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, 2024թ. փետրվարի տարբեր օրերին կայացրել է գույքեր՝ 4 ավտոմեքենաներ, օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ և Սաշա Ղազարյանին ու Գագիկ Պողոսյանին տրամադրել դրանք օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։
Սուսաննա Բեգլարյանն, օժանդակելով վերոնշյալ անձանց, Սաշա Ղազարյանին և Գագիկ Պողոսյանին տրամադրել է նրանց կողմից վերոնշյալ 4 ավտոմեքենաներն օտարելու գործընթացի համար անհրաժեշտ՝ գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ։
Սաշա Ղազարյանը և Գագիկ Պողոսյանը կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին, դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։
Արդյունքում Դավիթ Սարգսյանը, Սաշա Ղազարյանը և Գագիկ Պողոսյանը, Սուսաննա Բեգլարյանի օժանդակությամբ, առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքեր՝ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» մակնիշի և «VAZ 212140» մակնիշի ավտոմեքենաներ:
Ձեռք բերված տվյալների հիման վրա Դավիթ Սարգսյանի, Սաշա Ղազարյանի և Գագիկ Պողոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ս.Բ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Նշված 4 անձանց ձերբակալելու որոշում է կայացվել:
Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ՝ այլ գույքերի հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ