ԱՄՆ-ը հայտարարել է հութիների թռչող և ծովային հեռակառավարվող սարքերի ոչնչացման մասին
Ամերիկացի զինվորականները հայտարարել են Եմենի հութի ապստամբներին պատկանող 6 օդային և 3 ծովային հեռակառավարվող սարքերի ոչնչացման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն: Համապատասխան հաղորդագրությունը X սոցիալական ցանցում հուլիսի 27-ին ներկայացրել է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Նշվում է, որ ռազմական գործողությունն իրականացվել է ազատ նավագնացության և միջազգային ջրային տարածքներում անվտանգության ապահովման նպատակով, քանզի պարզվել է, որ այդ զենքերն ուղղակի սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի և դաշնակիցների ուժերի և առևտրային նավերի համար:Եմենի հութիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի օդանավակայանը հրթիռակոծելու մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային: Հեռուստաալիքը չի ներկայացրել ենթադրյալ հարձակման մանրամասները։ Վաշինգտոնն ու Լոնդոնն էլ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը։Իսրայելի և «Համաս»-ի միջև պատերազմի խորապատկերում հութիները 2023 թվականի հոկտեմբերից հարվածային տարբեր միջոցներով պարբերաբար գրոհներ են ձեռնարկում Կարմիր ծովում նավարկող առևտրային և ռազմական նավերի վրա:
Կարծիքներ