ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ

ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ

Հայաստանում հայտարարված սգո օրերի կապակցությամբ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (Սուրմալու առևտրի կենտրոն) տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ ՀՀ֊ում հայտարարված սուգի կապակցությամբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ»,- հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին կիսով չափ իջեցվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում