Գիտնականները վերծանել են Սառցե դարաշրջանի ժայռապատկերներում առկա խորհրդանշանները
Սառցե դարաշրջանի ժայռապատկերներում տեղ գտած գծերը, կետերը և այլ խորհրդանշանները կարող են լինել նախագրի ամենավաղ օրինակը. դրանք սիմվոլներ են, որոնք փոխանցում են փոքր տեղեկություն, ինչպես էմոջին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
Քեմբրիջի հնագիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվող մեր նախնիների՝ 20 000 տարվա հնության ժայռապատկերներում կենդանիների պատկերների կողքին պատկերված նշանները ցույց էին տալիս, թե որքան կարևոր էր կենդանիների վարքը մարդկանց գոյատևման համար։
Եվրոպայում հայտնաբերված Սառցե դարաշրջանի մոտ 600 ժայռապատկերներում և տեղից տեղ տարվող առարկաների վրա պատկերված գծերը, կետերը և «Y» նշանները, ըստ Դարհեմի համալսարանի պալեոլիթյան հնագիտության մասնագետների, ցույց են տվել կենդանիների վարքը, ինչը շատ կարևոր է եղել այդ կենդանիները որսացող մարդկանց համար։
Դարհեմի համալսարանի պրոֆեսոր Փոլ Փեթիթը CNN-ին հայտնել է, որ այդ նշանների միջոցով որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվողները նշում էին կենդանիների զուգավորման և ծննդաբերության ժամանակը. երկու դեպքում էլ մեծ թվով կենդանիների կուտակում էր տեղի ունենում։ Բացահայտումները նաև ցույց են տալիս, որ Սառցե դարաշրջանի Եվրոպայում մարդիկ օգտագործում էին Լուսնի փուլերի վրա հիմնված օրացույց։
Ըստ մասնագետների՝ պալեոլիթյան արվեստում կա ավելի քան 30 նշան, որոնցից ամենատարածվածը երեքն են. խմբի անդամների համոզմամբ՝ «Y» նշանը նշանակել է ծննդաբերություն, իսկ զուգավորման ժամանակահատվածները նշվել են գծերով և կետերով, որտեղ առկա չի եղել «Y» նշանը։
Մասնագետները նշում են, որ ուսումնասիրվել են նշաններից միայն երեքը, սակայն դա լավ սկիզբ է հետագայում ավելի շատ տեղեկություններ բացահայտելու համար։
Կարծիքներ