Ադրբեջանի իշխանությունը շարունակում է Արցախից հայերին վտարելու, հայերին նվաստացնելու քաղաքականությունը․ Բեգլարյան
Քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական և բոլոր կողմերի համար արժանի երկխոսության և խաղաղության, ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել, հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր տելեգրամյան ալիքում՝ մեկնաբանելով Արցախի Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի վերջին գնդակոծությունները:
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերմունքը հայերի նկատմամբ տասնամյակներ շարունակ դրսևորվել է ատելության, ֆիզիկական հոգեբանական բռնության, դիտավորյալ կյանքից զրկելու հանցավոր վարքագծի մեջ, և ոչ մի հիմք չկա նույնիսկ ենթադրելու, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կարող է փոխել այդ ռազմավարությունը»,-նշել է նա:
Բեգլարյանը հավելել է, որ Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ արձակված գնդակները և վերջին օրերի հրադադարի ռեժիմի այլ խախտումները դրա հերթական ապացույցն են: Համոզված է, որ որքան էլ ադրբեջանական իշխանությունները խաղաղ ու քաղաքավարություն խաղան, միևնույն է, նրանք բացահայտորեն շարունակում են հայատյացության և ագրեսիվության քաղաքականությունը՝ Արցախից հայերին վտարելու և հայոց պետականությունն ու բոլոր հայերին նվաստացնելու նպատակով:
«Քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական եւ բոլոր կողմերի համար արժանի երկխոսության և խաղաղության, հակամարտությունը չի կարող կարգավորվել և տարածաշրջանում չի կարող լինել երկարաժամկետ կայունություն։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունն այլընտրանք չունեն, քանի որ մենք մեր ճակատագրի տերն ենք մեր հայրենիքում, և դա աշխարհում նոր ցեղասպանությունը կանխելու միակ միջոցն է»,-կարծիք է հայտնել Արցախի պետնախարարը:
Կարծիքներ