Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի նախկին առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի դեմ՝ հանրապետության էներգետիկ համակարգին հրթիռային հարվածներ հասցնելու կոչերի համար, նա միջազգային հետախուզման մեջ է։
Այս մասին, ըստ ռուսական ԶԼՄ-ների, հաղորդվում է գերատեսչության կայքում։
«Դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազը Միխայիլ Ալեքսանդրովի դեմ քրեական գործ է հարուցել 101.2 հոդվածով («Ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հրապարակային կոչեր ԶԼՄ-ների միջոցով»), 214.2.3 («Ահաբեկչական գործողություններ իրականացնելու սպառնալիքներ Ա. հրազենի գործադրում») և Ադրբեջանի քրեական օրենսգրքի 283.21., 283.2.2 («Ազգային ատելության և թշնամանքի հրահրում` օգտագործելով պաշտոնեական դիրքը») հոդվածներով, նախաքննությունը վստահվել է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ալեքսանդրովի դեմ բավարար ապացույցների շնորհիվ որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավել Քրեական օրենսգրքի նշված հոդվածներով։
Բաքվի դատարանի որոշմամբ Ինտերպոլի միջոցով նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է միջազգային հետախուզում։
Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության՝ դեկտեմբերի 13-ին, լայն լսարանի համար հնչեցրած աուդիոուղերձում Ալեքսանդրովը «փորձ է արել վնասել Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները՝ բացահայտորեն կոչ անելով ամբողջությամբ ոչնչացնել նավթարդյունաբերությունը և Ադրբեջանի էներգետիկ համակարգը՝ հրթիռային հարվածներ հասցնելով նրան»։
Նշենք, որ իր այս հայտարարությունների համար դեկտեմբերի 17-ին համալսարանի ղեկավարության կողմից ՄԳԻՄՕ-ի կայքում տարածվել է հաղորդագրություն, որում նշվում է, որ «Ալեքսանդրովի հայտարարությունների անհիմն ագրեսիվությունն ու բացահայտ ոչ պրոֆեսիոնալիզմը առաջացրել են արտաքին քաղաքական հանրության ծայրահեղ կոշտ բացասական արձագանքը», ինչը լուրջ վնաս է հասցրել համալսարան իվարկանիշին։
Հաշվի առնելով այս ամենը, բուհի ռեկտորը հրաման է ստորագրել նրան աշխատանքից ազատելու մասին։
Կարծիքներ