Եվրոպական խորհրդի նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել են հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի հետ քննարկումներից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Շառլ Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում և հավելել. «Կարևոր մարդասիրական քայլ, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը, ինչպես որ քննարկվել է Բրյուսելում: Նրա խոսքով՝ ԵՄ-ն հեշտացրել է գերիների տեղափոխումը Երևան։
Հայ գերիների վերադարձը «Թվիթեր»-ի գրառմամբ ողջունել է նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը. «Ուրախ եմ, որ կարողացա հայրենադարձել 10 հայ զինծառայողի. Ադրբեջանի կողմից կարևոր քայլ մարդասիրական խնդիրների լուծման գործընթացում: ԵՄ-ն կշարունակի աշխատել երկու երկրների հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Նիկոլ Փաշինյանի միջև հաջող հանդիպումներ կազմակերպելու համար»,- գրել է Կլաարը:
Կարծիքներ