Կիևի և Վաշինգտոնի բանակցային թիմերը վերսկսել են աշխատանքը. Զելենսկի

Կիևի և Վաշինգտոնի բանակցային թիմերը վերսկսել են աշխատանքը. Զելենսկի

Ուկրաինայի և Վաշինգտոնի բանակցային թիմերը վերսկսել են իրենց աշխատանքը, հաջորդ շաբաթ կարող է տեղի ունենալ պատվիրակությունների հանդիպումը:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինական և ամերիկյան թիմերը վերսկսել են աշխատանքը, և մենք հուսով ենք, որ հաջորդ շաբաթ մենք կունենանք բովանդակալից հանդիպում»,- ասել է նա:

Ավելի վաղ Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էր, որ մարտի 12-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպում կանցկացնեն։

Նախօրեին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը հայտնել էր, որ Վաշինգտոնը երկխոսություն է վարում Կիևի իշխանությունների հետ՝ կողմերի նոր հանդիպման համար բանակցային թիմի տեղի, ժամկետի և կազմի վերաբերյալ։ Սակայն կոնկրետ ժամկետներ չի նշել։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ էր տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել էր Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:

Լրագրողների ներկայությամբ զրույցի ընթացքում Թրամփը Զելենսկիին մատնանշել էր վերջինիս անհարգալից վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ, մեղադրել անշնորհակալ լինելու համար, իսկ փոխնախագահ Վենսը ասել էր, թե Զելենսկին մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին՝Կիևին ցուցաբերած աջակցության համար: 

ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել էր «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։ 

Ավելի ուշ Թրամփը հայտնել էր, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։

Մարտի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկություն էր հայտնել շտկել Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը վերջին հանդիպման հետևանքները և համաձայնել է աշխատել ԱՄՆ առաջնորդի «ուժեղ ղեկավարության ներքո:

«Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- վստահեցրել է Զելենսկին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում