«Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի նեդրումը կրկին իրականացվեց առանց պատշաճ պատրաստվելու». Արսեն Թորոսյան

«Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի նեդրումը կրկին իրականացվեց առանց պատշաճ պատրաստվելու». Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրմանը։

«Չէի կարող անմասն մնալ մի շարք դեղերի դեղատոմսով բաց թողնելու որոշմանը, որը ուժի մեջ է մտել մարտի 1-ից, քանի որ առնվազն 2 անգամ (2018 և 2019թթ.) իմ նախաձեռնությամբ է դեռևս 2017թ. ընդունված այդ որոշումը հետաձգվել մինչև մեր առողջապահական համակարգը (թե' բուժաշխատողները, թե' էլեկտրոնային ենթակառուցվածքները) պատրաստ կլինեն այն հնարավորինս սահուն ներդնելուն:

Այն որ բազմաթիվ դեղեր պետք է դեղատներից բաց թողնվեն միայն դեղատոմսով, շատ հիմնավորված որոշում է, ինչպես աշխարհի շատ երկրներում: Այլ նպատակներից զատ նման որոշումը երկու հիմնական նպատակ ունի, որպեսզի քաղաքացիները ինքնաբուժումով չզբաղվեն հենց իրենց իսկ վնաս չտալու համար, ինչպես նաև հակամիկրոբային (անտիբիոտիկներ) դեղերի չարաշահման պատճառով չունենանք անտիբիոտիկակայուն միկրոբներ, որոնց վրա այլևս չեն ազդի եղած անտիբիոտիկները:

Միևնույն ժամանակ չեմ կարող չարձանագրել, որ այս համակարգի նեդրումը կրկին իրականացվեց առանց պատշաճ պատրաստվելու: Բազմաթիվ են ահազանգները թե’ մեր քաղաքացիներից, թե’ բուժհիմնարկներից, թե’ դեղատներից այնպիսի համակարգային խնդիրների մասին, որոնք թույլ չեն տալիս այս կարևոր համակարգի ներդրումը համարել սահուն: Խնդիրները թե’ կանոնակարգային են, թե’ ենթակառուցվածքային`

- Բազմաթիվ դեղատներ մինչ օրս միացված չեն ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջապահության համակարգին, ինչը պետք է արվեր մինչև որոշման ուժի մեջ մտնելու օրը: Դեղատների բուժանձնակազմը ցանկալի կլիներ, որ անցնեին վերապատրաստման դասընթացներ:

- Բազմաթիվ են բողոքները, երբ էլեկտրոնային առողջապահության համակարգը անհասանելի է դառնում բուժաշխատողների և դեղատների համար, հավանաբար համակարգի սերվերների թողունակության պատճառով: Սերվերները պետք է հզորացվեին մինչև համակարգի ներդրումը:

- Բազմաթիվ են ահազանգները, երբ բժիշկները անհաչափ շատ ժամանակ են ծախսում մեկ դեղատոմսի դուրս գրման վրա և հետևաբար մեծ հերթեր են գոյանում միայն դեղատոմսի դուրս գրման պատճառով: Դեղատոմսի դուրս գրման համակարգը բուժաշխատողներիի համար պետք է լիներ հնարավորինս մատչելի (user-friendly) և բոլոր բուժաշխատողները պետք է անցնեին վերապատրաստման դասընթացներ դրանից օգտվելու մասին:

- Համակարգը և կարգավորումները պետք է հնարավորություն տային բժշկին, առանց պացիենտի այցելության դեղատոմս դուրս գրելու, ինչպես աշխարհի շատ երկրներում, որոնք ունեն էլեկտրոնային առողջապահական համակարգեր: Եթե բժիշկը գիտի իր պացիենտի հիվանդությունը, հատկապես քրոնիկ հիվանդությունների դեպքում, ոչ մի խնդիր չի կարող առաջանալ նման դուրս գրումների պատճառով:

- Դեղատներից ահազանգեր կան, որ նրանք չունեն հասանելիություն դեղատոմսով դուրս գրվող դեղերի մեկ միասնական ցանկի, որպեսզի առանց ավելորդ ջանք գործադրելու արագ հասկանան ինչպես վարվել: Նաև ահազանգեր կան, որ որոշ դեղատոմսով դուրս գրվող դեղեր ներմուծված չեն ԱՐՄԵԴ համակարգ:

- Մեծ բաց կա բժշկական գաղտնիքի հասանելիության դեղատան աշխատակիցներին և այլ բուժաշխատողներին, երբ պացիենտը շատ դեպքերում չէր ցանկանա 3-րդ անձանց տրամադրել իր այս կամ այն հիվանդության մասին տեղեկատվությունը, բայց փաստորեն այս պահին դեղատան աշխատակիցը կարող է տեղեկանալ, թե պացիենտը ինչ հիվանդության համար է գնում այդ դեղը, ինչը պարզապես անթույլատրելի է:

Այլ խնդիրներ էլ կան, բայց սրանք իմ կարծիքով ամենակարևորններ էին որոնց մասին ինձ տեղեկություններ են հասել: Այս խնդիրները կա’մ պետք է շատ արագ հասցեագրվեն, կա’մ համակարգի գործարկումը կրկին պետք է հետաձգել:

Հ.Գ. այս խնդիրների պատճառով է, որ բազմաթիվ դեղատներ այլ տարբերակ չունեն, քան շարունակել վաճառել դեղատոմսով դուրս գրվող դեղերը, առանց դեղատոմսի առկայության և նրանց որևէ մեկը չի կարող մեղադրել նման գործունեություն իրականացնելու համար, քանի դեռ վերոնշյալ և շատ այլ հարցեր լուծված չեն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում