Թրամփի ընտրությունը լուրջ փոփոխություն է. ինչ սպասել առաջիկայում
Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչությունը 47-րդ անգամ նախագահ ընտրեց. ամերիկացիները իրենց երկրի կառավարումը երկրորդ անգամ վստահեցին Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին:
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ Թրամփի ընտրությունը աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություն է:
«Եթե հաշվի առնենք այն, ինչ Թրամփը խոստացել է արտաքին աշխարհի հետ կապված, ապա, այո, սա լուրջ փոփոխություն է։ Ուկրաինա-Ռուսաստան հարաբերություններում փոփոխություններ կլինեն, և այստեղ արդեն հարց է, թե Եվրոպան որքան կկարողանա փոխհատուցել Նահանգների քաղաքականությունը։ Սա իր հերթին բերելու է ՌԴ դիրքերի ուժեղացման, այդ թվում՝ նաև մեր տարածաշրջանում։ ՀՀ որոշ քաղաքական առաջնահերթություններ այլևս իմաստ չունեն իրականացնելու: Օրինակ՝ Հայաստանն արդեն բաց է թողել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր լավագույն հնարավորությունը, իսկ Թրամփի ընտրության պայմաններում կառույցից դուրս գալը ՀՀ-ի համար մարտահրավեր կլինի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նա։
Վերջինս կարծում է, որ ԱՄՆ-ում ներքին քաղաքականությունը հաղթեց արտաքին քաղաքականությանը, որովհետև Թրամփի բազմաթիվ խոստումներ վերաբերում էին ներքին քաղաքականությանը՝ միգրանտների վտարում, նոր աշխատատեղերի բացում և այլն:
«Սա Դեմոկրատների համար բավական ցավոտ պարտություն է՝ հաշվի առնելով, որ Բայդենի հեռացումից հետո հույսերը մեծ էին, որ Հարիսը կդառնար նախագահ։ Այժմ նրանց մնում է մինչև 2028 թվականը հետևություններ անել ու ավելի ուժեղ թեկնածուով հանդես գալ»,- նկատում է նա։
Կարծիքներ