46 մլն դրամ ու տասնյակից ավելի անշարժ գույք հայտարարագրած Արկադի Թամազյանը դատարանին հայտնել է, որ պաշտոնազրկվելուց հետո ընտանիքը պահելու խնդիր ունի
Civic.am-ը գրում է.
Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ վարչական դատարանում Ալավերդի համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանը վիճարկում է Ալավերդի համայնքի ավագանու՝ նախորդ տարի դեկտեմբերի 5-ին կայացրած որոշումը, որով ինքը զրկվել է համայնքի ղեկավարի պաշտոնից, և նոր ղեկավար է ընտրվել ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը։
Ավագանու այս որոշումը Թամազյանը պահանջում է անվավեր ճանաչել։ Հայցվորը, ինչպես տեղեկացրել ենք, 29․01․2024 թ․ ներկայացրել էր վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել էր կասեցնել 05․12․2023 թ․ ավագանու նիստի արդյունքում ընդունված՝ Արկադի Թամազյանին՝ որպես Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու մասին որոշման կատարումը:
Նախկին համայնքապետը, ինչպես civic.am-ը պարզեց, դատարան ներկայացված միջնորդության մեջ մի շարք հիմնավորումներ ու հանգամանքներ է մատնանշել, որոնցից մեկն ուղղակի ապշեցնող է։ Մասնավորապես՝ «ներկայումս ապօրինի կերպով զրկվելով իր՝ որպես Ալավերդի համայնքի ղեկավարի պարտականությունները կատարելու իրավական հնարավորությունից, զրկվել է իր միակ ապրուստի միջոցից՝ որպես համայնքի ղեկավար, ստացվող վարձատրությունից՝ հայտնվելով ծանր ֆինանսական վիճակում»։ Եվ «տվյալ դեպքում ոչ միայն առկա է հիմնավոր կասկած, այլև միանշանակ առկա է հստակ համոզմունք, որ զրկվելով իր միակ ապրուստի միջոցից՝ աշխատանքի դիմաց վարձատրությունից, կրելու է էական վնասներ և չի կարողանալու ապահովել բավարար ու պատշաճ պայմաններ իր և իր ընտանիքի համար, քանի որ վերջիններիս (կնոջը և երկու երեխաներին) ապրուստի միակ միջոցն ու կարիքների բավարարման միակ աղբյուրը հանդիսացել է աշխատանքի դիմաց իր՝ որպես համայնքի ղեկավարի վարձատրությունը»։
Իրոք որ, ցնցող է։ Գործարար Ռուբեն Վարդանյանի կողմից հովանավորվող «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ հանդիսացող Ալավերդիի նախկին համայնքապետը, փաստորեն, աշխատավարձով ապրող պաշտոնյա է եղել, ինչպես ժողովուրդն է ասում՝ «կողմնակի եկամուտ» չի ունեցել և, փաստորեն, այժմ կանգնել է իր ընտանիքի ապրուստը հոգալ չկարողանալու փաստի առաջ։
Թե արդյոք ճշմարիտ է Թամազյանի այս պնդումը, թե՝ ոչ դեռ կանդրադառնանք, իսկ նախքան այդ նշենք՝ դատարանը քննարկելով հայցվորի վերոհիշյալ միջնորդությունը՝ կասեցման վերաբերյալ, այն մերժել է՝ մասնավորապես պատճառաբանելով՝ խնդրո առարկա հանդիսացող սույն գործով վիճարկվող ավագանու որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված կանոնակարգումները կիրառվել չեն կարող:
Կալվածատերը Ճոճկանից
Այժմ տեսնենք, թե ինչ գույք ունի Ճոճկանի, ապա՝ Ախթալայի, 2022-ին էլ Ալավերդու համայնքի ղեկավար ընտրված Արկադի Թամազյանը, որը, փաստորեն, ապրում է, ընտանիքին էլ կերակրում է համայնքապետի աշխատավարձով։
Նա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր՝ 2022 թ․ հայտարարագրում պատկառելի գույք է հայտարարագրել, մասնավորապես 10 հողամաս Ալավերդիում, որոնցից երկուսը՝ միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող, մյուսները՝ համատեղ սեփականությամբ, որոնք ձեռք է բերել 2003 և 2013 թվականներին, հայրենի Ճոճկանում գտնվող մեկ անհատական բնակելի տուն, որն իրեն է պատկանում համատեղ սեփականությամբ, մեկ միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող անհատական բնակելի տուն Ալավերդիում, որը գնել է 2006-ին, նույն՝ Ալավերդի համայնքում գտնվող արտադրական նշանակության մեկ շինություն, որը ժառանգություն է ստացել 2007-ին, նույն համայնքում գտնվող բազմամյա տնկի, որը ձեռք է բերել 2003-ին։
Հայտարարագրի՝ «հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք կամ անշարժ գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն» բաժնում Թամազյանը Ալավերդիում գտնվող երեք միավոր հողամաս է նշել, որոնց մակերեսը պաշտպանված է։ Թամազյանը որպես կանխիկ դրամ տարեսկզբին հայտարարագրել է 42 մլն դրամ, որը տարեվեջին կազմել է 46 մլն դրամ՝ գումարի աղբյուրը նույնպես պաշտպանված է։
Տպավորիչ են նաև Թամազյանի եկամուտները՝ նա որպես «այլ եկամուտ» հայտարարագրել է 4 մլն դրամ, «Ակբա բանկ»-ից ստացած 3 մլն դրամը, որպես աշխատավարձ էլ հայտարարագրել է Ախթալայի համայնքապետարանի աշխատակազմից ստացած 4 մլն 122 հազար 594 դրամը, ինչպես նաև Ալավերդիի համայնքապետարանի աշխատակազմից ստացած 803 հազար 811 դրամը։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ հայտարարատուի եկամուտները կազմել են ընդհանուր 11 մլն 926 հազար 405 դրամ։ Որպես փոխառություն էլ Թամազյանը հայտարարագրել է ընդհանուր 8 մլն 360 հազար 560 դրամ, որոնք երեք տարբեր վարկատուներից են։
Թամազյանի կինը՝ Կատյա Թամազյանը, Ճոճկանի Գոռ Խուդինյանի անվան միջնակարգ դպրոցում է աշխատում։ Նրա 2022 թ․ հայտարարագիրը ևս ցնցող է՝ տիկինը 2022 թվականին՝ ամուսնու՝ համայնքի ղեկավար ընտրվելու տարում, միանգամից 6 հողամաս է նվիրատվություն ստացել, որոնք իրեն են պատկանում միանձնյա սեփականությամբ, ևս 8 հողամաս էլ, որոնք իրեն են պատկանում համատեղ սեփականությամբ, տիկին Թամազյանը ձեռք է բերել 1991 թականին։ Հիշյալ անշարժ գույքը ձեռք բերելու եղանակ որպես նա նշել է՝ «այլ»։ Այսինքն՝ չի գնել, նիրատվություն և կամ ժառանգություն չի ստացել։ Որպես բանկային ավանդ Կ․Թամազյանը հայտարարագրել է 10 մլն դրամ, որպես կանխիկ դրամ՝ 15 հազար ԱՄՆ դոլար, որպես եկամուտ՝ «Հայէկոնոմբանկ»-ից ստացած 1 մլն 277 հազար 910 դրամը, ինչպես նաև Ճոճկանի միջնակարգ դպրոցից ստացած 860 հազար 467 դրամը։
Փաստորեն, նման տպավորիչ գույք ու դրամական միջոցներ ունեցող Թամազյան ընտանիքը ապրուստը հոգալու խնդիր ունի։
Կարծիքներ