AP-ը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի մասին
Հուլիսի 14-ին Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ ծանր հրետանու եւ անօդաչու սարքերի օգտագործմամբ բախման հետեւանքով երկու կողմից զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ ադրբեջանցի գեներալ։ Սա դարձել է վերջին տարիների ամենավատ էսկալացիան, գրում է AP-ը:
«Հարավային Կովկասի երկու ժողովուրդների միջեւ փոխհրաձգությունները սահմանին սկսվել են կիրակի օրը: Ադրբեջանը հայտարարել է, որ ռազմական գործողությունների երեք օրվա ընթացքում կորցրել է 11 զինծառայողի եւ մեկ քաղաքացիական անձի, իսկ Հայաստանը երեքշաբթի օրը հայտարարել է չորս զինծառայողների մահվան մասին:
Ներկա բախումները, ըստ երեւույթին, ռազմական գործողությունների ամենալուրջ բռնկումն են 2016 թվականից, երբ չորս օրվա մարտերում զոհվեցին տասնյակ մարդիկ»:
Նշվում է, որ Ադրբեջանի անօդաչուներից մեկը ոչնչացվել է: Հոդվածը մեջբերում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի հայտարարությունը, որ ադրբեջանցի զինված ուժերը որպես վահան են օգտագործում քաղաքացիական անձանց՝ հրետանին տեղակայելով Թովուզի շրջանի Դոնդար Գուշչու գյուղի մոտակայքում՝ սահմանից մոտ 10 կմ հեռավորությամբ: «Ադրբեջանական կողմը իր բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ նրանց դարձնելով թիրախ, այնուհետեւ վրդովվել է, որ հայկական ուժերը կրակ են բացել այդ ուղղությամբ»,- գրել է նա Facebook-ում, որտեղ տեղադրել է գյուղի շուրջ ադրբեջանական հրետանու նկարները:
Թուրքիան, որը էթնիկ եւ մշակութային սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, վճռական աջակցություն է հայտնել Բաքվին:
Կարծիքներ