Ալավերդիի համայնքապետը լավ կանի համակերպվի ավագանու որոշման հետ, ոչ թե կրկեսային բեմադրություններ անի. Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադառնալով Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու՝ ավագանու երկու նախաձեռնություններին, նշել է, որ գործող համայնքապետը լավ կանի համակերպվի այդ որոշումների հետ, ոչ թե կրկեսային բեմադրություններով հանդես գա ու նշի, թե նիստը չի կայացել, ուստի մեկ տարի այլևս որևէ գործընթաց հնարավոր չէ անել:
«Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ը, այսինքն մեծամասնությունը, ստորագրել են համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացի տակ: Որոշ ժամանակ առաջ էլ հենց ավագանու իր՝ «Ապրելու երկիր» խմբակցությունից 9 այլ անդամներ էին նման գործընթաց սկսել, այսինքն անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավար ընտրել իրենց խմբակցությունից Անահիտ Բադալյանին:
Այսինքն 2-3 ամսում համայնքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ ընդհանուր 27 ավագանուց 23-ը ստորագրել է:
4 անդամ չի ստորագրել այդ երկու նախաձեռնությունների տակ, նրանցից մեկը հենց գործող համայնքապետ Արկադի Թամազյանն է, մյուսը՝ տեղակալը։
Եթե իրենք ուզում են ընդունել, որ էնքան ողորմելի վիճակում են գտնվել, որ որոշել են ուղղակի արագացված կերպով ինչ-որ նիստ անել, երբ գիտեին, որ ՔՊ-ի մի անդամը պետք է երկրից բացակայի և մեկ տարի երկարացնեին էդ պաշտոնավաումը, եթե դա պետք է խոստովանեն, իմ կարծիքով՝ քաղաքական կատարյալ ֆիասկո է: Իմ կարծիքով էդ աստիճանի չեն իջնի, որ փաստացի խոստովանեն, որ իմիտացիա են արել:
Ես խոսում եմ փաստերով, երկու անգամ անվստահություն հայտնելու նախաձեռնություն է եղել, և դրանց տարբերությունը առաջարկվող համայնքապետի թեկնածությունն է: Այսինքն, մեծ հաշվով գործող համայնքապետն այլևս անելիք չունի, բացի զոռբայությունը, որը և դրսևորում են ինքն ու իր կուսակցության ղեկավարներից մեկը: Ու այն փաստը որ մնացել են 4-ով ընդդեմ 23-ի, դե յուրե արձանագրված է, անունները նույնիսկ կարելի է կարդալ անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ»,- ասել է Ալեքսանյանը:
Համայնքապետի պնդումը, թե իրեն անվստահություն հայտնելու վերաբերյալ նիստը չի կայացել, ուստի մեկ տարի որևէ գործընթաց օրեքով չի թույլատրվում, ըստ Ալեքսանյանի ապուշության և զոռբայության դրսևորում է:
«Փորձում են աշխարհին ապացուցել, որ մածունը սև է:Եթե նիստը չի կայացել, ո՞նց կարող է էդ չկայացած նիստի բերումով 1 տարի իմունիտետ ձեռք բերի համայնքապետը, սա աբսուրդ է»:
Կգնա ՔՊ-ն Ալավերդիում արտահերթ ընտրությունների, թե՝ ոչ: Ըստ Ալեքսանյանի, այն ժամանակ, երբ իրենք ու «Ապրելու երկիր»-ն ունեցել են հավասար թվով մանդատներ, վերջիններս նաև ՀԱԿ-ի մեկ մանդատն են ստացել, չի եղել նման քայլ:
«Զոռբայություն չենք արել իրենց նման, բայց հիմա փաստացի Թամազյանը չունի ավագանու մեծամասնությունը ոչ 23-ի, ոչ էլ 14 հոգու տեսանկյունից, եթե ուզում է կառչած մնա համայնքապետի աթոռից, թող գնա «Ապրելու երկրի» գրասենյակում, ինչ-որ մի բանի պետք գա, բայց եթե չունես մեծամասնություն ավագանու քեզ սատարող, չես կարող լինել համայնքի ղեկավար:
Հիմա փաստացի իրավիճակն այլ է, և մեծամասնությունը համայնքապետի պաշտոնում տեսնում է Դավիթ Ղումաշյանին, և նա պետք է դառնա համայնքապետ, որովհետև այդպես է նախատեսված օրենքներով ու սահմանադրությամբ»,- ասել է նա:
Ըստ Ալեքսանյանի, տարատեսակ տեղեկություններ կան, որ գործող համայնքապետը զոռբայության իր վերջին դրսևորումներն է փորձում գործադրել, համայնքապետարանի վարչական ռեսուրսը դուրս բերել փողոց: Չնայած շատ դեպքերում մերժում է ստանում անգամ իր մերձավոր շրջապատի կողմի, բայց չի հանձնվում:
«Այնինչ ակնհայտ է, որ ուղղակի պետք է համակերպվել ավագանու որոշման հետ և ոչ թե կրկեսային բեմադրություններ անել, թե գիտեք մեր խմբակցության 9 անդամը նիստը գումարել է, նիստը չի կայացել և այլն: Ողորմելի է, որ իր խմբակցության 9 անդամը ստիպված է եղել ստորագրել իրեն պաշտոնանակ անելու փաստաթղթի տակ, դա ողորմելության գերադրական աստիճան է»,- նշել է Ալեքսանյանը:
Կարծիքներ