Բայդենը մտադիր Է 100 միլիոն դոլար տրամադրել Պաղեստինի հիվանդանոցներին. Axios

Բայդենը մտադիր Է 100 միլիոն դոլար տրամադրել Պաղեստինի հիվանդանոցներին. Axios

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում Է Արեւելյան Երուսաղեմում գտնվող պաղեստինյան հիվանդանոցներին 100 միլիոն դոլարի չափով օգնություն տրամադրելու մասին այս շաբաթ իր մերձավորարեւելյան շրջագայության ժամանակ: Հուլիսի 10-ին այդ մասին հայտնել Է Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմեպրես»-ը:

Բայդենի վարչակազմն այս քալը դիտում Է որպես Մերձավոր Արեւելք Միացյալ Նահանգների նախագահի այցի գլխավոր արդյունքը պաղեստինցիների համար: Պորտալի տվյալներով՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը դիմել Է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Կատարի եւ Իսրայելի իշխանություններին նույնպես հիվանդանոցներին ֆինանսական օգնություն ցույց տալու խնդրանքով: Ավելի վաղ Պաղեստինի բուժհիմնարկներին օգնելու պատրաստակամություն Է հայտնել ԱՄԷ-ն՝ 25 միլիոն դոլար նվիրաբերելով «Մաքասեդ» հիվանդանոցին: Մյուս երկրները դեռեւս չեն արձագանքել Բայդենի խնդրանքին:

Ինչպես հաղորդում Է Axios-ը, ԱՄՆ-ի նախագահն այս կերպ փորձում Է Պարսից ծոցի այդ երկրներին ներգրավել ավելի ակտիվ մասնակցության մերձավորաեւելյան խնդրի կարգավորմանը: Բացի դրանից, Միացյալ Նահանգների վարչակազմը հուսով Է, որ «տարածաշրջանում իրադրությունը կսկսի փոխվել, իսկ Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ հարաբերությունների նորմալացումն օգուտ կբերի պաղեստինցի ժողովրդին»: Բայդենը հուլիսի 13-ից մինչեւ 16-ը կկատարի մերձավորարեւելյան շրջագայություն, որի ընթացքում կայցելի Իսրայել, Հորդանան գետի արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա:

Ինչպես հայտարարել են Վաշինգտոնի վարչակազմում, նա պլանավորում Է հանդիպել տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս գտնվող երկրներից մոտավորապես «մեկ տասնյակ պաշտոնակիցների» հետ: Բայդենի այցն Իսրայել պլանավորված Է հուլիսի 13-ին եւ 14-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում