Զուրաբ Չխաիձեն խոսել է Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին

Զուրաբ Չխաիձեն խոսել է Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին

Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն լիարժեք բուժումից հրաժարվելու պատճառով հնարավոր են բարդություններ: Այս մասին, ըստ ria.ru-ի, տեղեկացրել է բուժհաստատության տնօրեն Զուրաբ Չխաիձեն։

Նախօրեին Սաակաշվիլին սոցցանցերում գրել էր, որ հերթական անգամ կորցրել է գիտակցությունը և «մահվան եզրին է»։

«Նրա վիճակը ծանր չի համարվում: Հիվանդն ունի ընդհանուր թուլություն, գլխապտույտ, հավասարակշռության պարբերական կորուստ, և դա զարմանալի չէ: Ակնկալվում է, որ գիտակցության կորուստը կարող է կրկնվել, քանի որ նա համարժեք չի սնվում:

Մենք չենք կարող ապահովել լիարժեք բուժում՝ հիմք ընդունելով այն, որ հիվանդը հրաժարվում է դրանից, մենք բազմիցս քննարկել ենք, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ, որ նրա սննդակարգը պետք է լինի ավելի բազմազան, բարձր կալորիականությամբ, բայց ոչինչ չի փոխվում»,- ասել է Չխաիձեն։

Նրա խոսքով՝ Սաակաշվիլին անցնում է միայն սիմպտոմատիկ բուժում՝ հրաժարվելով դեղորայքի ամբողջական կուրսից։

«Երեկ մենք ռեաբիլիտատոր ենք հրավիրել և սկսել առողջության բարելավման համար կարևոր պրոցեդուրաներ, ինչին հիվանդը համաձայնել է։ Հուսով եմ, որ այդ պրոցեդուրաները չեն դադարի, և հիվանդը մինչև վերջ կանցնի նշանակումների ցանկը»,-ասել է Չխաիձեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում