Իրանում զորավարժությունների ժամանակ փորձարկվել են արհեստական ինտելեկտով հագեցած հրթիռներ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հրթիռներ են արձակել, որոնք հագեցած են արհեստական ինտելեկտով, դրանք հաջողությամբ ոչնչացրել են հակառակորդի նմանակված թիրախները, հայտնում է Mehr-ը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հաջող գործարկումը տեղի է ունեցել Իրանի հարավային Բուշեհր և Խուզեստան նահանգների ափամերձ ջրերում՝ «Մեծ մարգարեի իշխանություն 19» ծածկագրված լայնածավալ զորավարժությունների վերջին օրը:
Արհեստական ինտելեկտով հագեցած «Քաեմ» և «Ալմաս» հրթիռները արձակվել են առաջադեմ «Մոհաջեր 6» և «Աբաբիլ 5» անօդաչու թռչող սարքերից։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար կոնտր-ծովակալ Ալիռեզա Թանգսիրին, ով մասնակցել է զորավարժություններին, ասել է, որ էլիտար ուժերի համակարգերն ու սարքավորումները արդիականացվել են:
Նա հավելել է, որ ռազմածովային նավատորմը տարբեր բալիստիկ և «երկիր-երկիր» դասի հրթիռներ է արձակել, այդ թվում՝ հարձակողական հրթիռ «Շահիդ Սոլեյմանի» ռազմավարական ռազմանավից, և «Կովսար 222» հրթիռներով խոցել հակառակորդի թռչող թիրախները, հաղորդում է PressTV-ն։
Թանգսիրին նշել է, որ լայնածավալ զորավարժությունները, որոնք անցկացվել են Պարսից ծոցի հյուսիսային և կենտրոնական ռազմավարական ջրերում, նպատակ են ունեցել բարելավելու ԻՀՊԿ ռազմածովային ուժերի համակարգումն ու պատրաստականությունը՝ «թշնամիների ցանկացած արկածախնդիր գործողությունների» հակազդելու համար։
Կարծիքներ