Իրանը զորավարժությունների ժամանակ ցույց է տվել իր անօդաչուների արդյունավետությունը (տեսանյութ)

Իրանը զորավարժությունների ժամանակ ցույց է տվել իր անօդաչուների արդյունավետությունը (տեսանյութ)

Իրանն Օմանի ծոցում «Զոլֆաղար 1400» կոչվող զորավարժությունների ժամանակ ցուցադրել է իր «Արաշ» անօդաչու սարքերի արդյունավետությունը, հաղորդում է Tasnim-ը:

Իրանի բանակի հրապարակած կադրերը ցույց են տալիս, թե ինչպես են «ինքնասպան» անօդաչու սարքերն օգտագործում խելացի ռումբեր՝ թիրախները, այդ թվում՝ շարժվող առարկաները խոցելու համար։

Աղբյուրը նշում է նաև, որ նախքան բանակի մարտական անօդաչու սարքերի կողմից ենթադրյալ հակառակորդի նավերը ոչնչացնելը, հետախուզական անօդաչուները վերահսկել են զորավարժությունների գոտին։

Հիշեցնենք, որ Իրանի հարավում մեկնարկել են «Զոլֆաղար 1400» անվանումով բանակի համատեղ զորավարժությունները՝ բանակի «Զոլֆաղար» բազայի հրամանատարությամբ:

«Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժության հիմնական փուլերը սկսվել են բանակի ցամաքային զորքերի հետևակային, զրահատանկային և մեքենայացված ստորաբաժանումների, ՀՕՊ համակարգերի և ռազմածովային մակերևութային նավերի առկայությամբ՝ բանակի ռազմաօդային ուժերի կործանիչների և անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ՝ երկրի հարավային Մաքրանի ափի ընդհանուր տարածքում:

Ըստ իրանական կողմի՝ «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժությունները տարածաշրջանի երկրներին խաղաղություն և բարեկամություն հաստատելու ուղերձ են հաղորդում՝ հենվելով սեփական կարողությունների վրա, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ այլ անդրտարածաշրջանային երկրները եղել են ռազմատենչ և անապահով դերակատարներ և Արևմտյան Ասիայի տարածաշրջանին անապահովությունից, պատերազմից և օկուպացիայից բացի ոչինչ չեն բերել:

Գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը «Զոլֆաղար 1400» զորավարժության տարածքում բանակի հրամանատարների շրջանում ասել է, որ թշնամիները պետք է ձեռնպահ մնան բանակի և ԻՀՊԿ-ի ուժերը փորձարկելուց:

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հնարավորություններին և մարտական պատրաստվածությանը, գեներալ Ռաշիդն ասել է. «Իրանի բանակը և զինված ուժերը միշտ պատրաստ են ռազմավարական, օպերատիվ և մարտավարական դիմակայության՝ անվտանգության և տարածքային կայունության, Իրանի ամբողջականությունը թշնամիների կոալիցիայի դեմ (մասնավորապես՝ ԱՄՆ-Սիոնիստական կոալիցիայի դեմ) պահպանման նպատակով։

Իրանի Զինված ուժերը, ներառյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և բանակի ուժերը, վճռականորեն կպատասխանեն ցանկացած ամբարտավան և ագրեսոր ուժի ցանկացած սպառնալիքին՝ ցանկացած մակարդակի և ցանկացած երկրի ծագումով, ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում