ԲԴԽ նախագահն Արման Բաբաջանյանի վարքը քննարկելու նպատակով պահանջել է ստեղծել էթիկայի հանձնաժողով
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմում է ներկայացրել խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի վարքը քննարկելու նպատակով էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով:
Դիմումը ԲԴԽ նախագահը հրապարակել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Դիմում եմ Ազգային ժողովին՝ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար սահմանված կարգով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով»,- ասված է ԲԴԽ նախագահի դիմումում:
Ռուբեն Վարդազարյանը նշել է, որ 2021թ. մարտի 3-ի հերթական նիստի ընթացքում իրեն ուղղված հարցադրման ժամանակ Արման Բաբաջանյանն օգտագործել է մի շարք արտահայտություններ, որոնք, իր պնդմամբ, վիրավորել են իր պատիվն ու արժանապատվությունը:
«Պատգամավոր Արման Բաբաջանյանը Ազգային ժողովի 2021 թ. մարտի 3-ի հերթական նիստին ինձ ուղղված հարցադրմամբ հայտնել է հետևյալը. «Պարոն Վարդազարյան, Դուք ուղղակի չգիտեք՝ ինչ ղալաթ եք բերել Ձեր գլխին նոյեմբերի 15-ի հայտարարությամբ, մեկ էլ ասեմ՝ եկել եք սատանի մայլեն քյանդրբազություն եք անում: Էդ Ձեր բոլոր տեսակի էդպես պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն, բայց իմ հարցս Ձեզ ուղղելուց առաջ ուզում եմ իմ իշխանական ֆրակցիային դիմել՝ էս արհավիրքը դուք եք բերել Բարձրագույն դատական խորհուրդ և դուք եք, ձեր իշխանության օրոք ա նշանակվել, Վանեցյանի առաջադրմամբ՝ բոլորն էլ շատ լավ գիտեն..»,- նշված է դիմումում:
Կարծիքներ