Մեկնարկել են «Գեղարքունյաց ձմեռ-2021» մարզամշակութային միջոցառումները
Փետրվարի 19-ից Գեղարքունիքի մարզի համայնքներում, համաձայն Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի կարգադրության, մեկնարկել է «Գեղարքունյաց ձմեռ-2021» մարզամշակութային միջոցառումը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, միջոցառումը կրում է «Ո՛չ ծխախոտին» խորագիրը: Միջոցառման մեկնարկը տրվել է Սեւան եւ Գավառ քաղաքներում։ Սեւանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ Սեւանում
միջոցառմանը մասնակցել են համայնքի հանրակրթական դպրոցների, բազմագործառութային պետական քոլեջի, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի աշակերտներն ու սաները, բնակիչներ: Նախապես հայտարարված 9 մարզաձևերի մրցումներն եղել են անհատական և թիմային:
Մրցավարները գնահատել են մասնակիցների ելույթները, մրցավարական հանձնաժողովն ամփոփել է արդյունքները: Մրցումներն ընթացել են պարանի ձգում, կշռաքարի բարձրացում, ձնագնդիով հարված նշանակետին, ազգային կոխ, մինի ֆուտբոլ, սահնակ,
նարդի, բարձունքի գրավում մարզաձեւերում ու խաղաձեւերում։
Յուրաքանչյուր մարզական ու խաղային ձեւում մրցանակային տեղեր զբաղեցրածները խրախուսվել են Սեւան համայնքի ղեկավարի պատվոգրերով:
Գավառի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գավառի N5 հիմնական դպրոցում անցկացվել է «Գեղարքունյաց ձմեռ-2021» մարզամշակութային միջոցառումը, որին մասնակցել են առաջինից իններորդ դասարանների աշակերտները: Անցկացվել են մրցումներ սահնակ, պարանի ձգում, ձնագնդիով հարված նշանակետին, ազգային կոխ, սպորտլանդիա և շախմատ մարզական եւ խաղային ձեւերում: Միջոցառման վերջում վառված խարույկը իր շուրջն է համախմբել բոլոր մասնակիցներին:
Մարզամշակութային միջոցառումները մարզի մյուս համայնքներում կանցկացվեն մինչեւ փետրվարի 28-ը։
Խոսրով Խլղաթյան
Կարծիքներ