Կամավոր ատեստավորման մասնակցած ուսուցիչներից 47,2 տոկոսն է հաղթահարել շեմը նրանց աշխատավարձը բարձրացել է 30-50 տոկոսով. Փաշինյան

Կամավոր ատեստավորման մասնակցած ուսուցիչներից 47,2 տոկոսն է հաղթահարել շեմը նրանց աշխատավարձը բարձրացել է 30-50 տոկոսով. Փաշինյան

Այս օրերին ընթանում է մեր կարեւորագորւյն ռազմավարական  ծրագրերից մեկի իրագործումը, որն իմ կարծիքով շրջադարձային նշանակություն պետք է ունենա ՀՀ հետագա զարգացման գործում. Խոսքն ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուսուցիչներն իրենք են ընտրում ատեստավորվել, թե ոչ: Եւ այդ վերահաստատման արդյունքում իրենց աշխատավարձը՝ կախված հավաքած միավորներից հոկտեմբերից կբարձրանա 30-40 կամ 50 տոկոսով:

Այս փուլում մենք իրականացնում ենք մի քանի առարկաների գծով կամավոր ատեստավորման ծրագիր: Խոսքը հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, պատմություն, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա առարկաների մասին է: Այս փուլում մենք որոշ ժամանակ բաց կթողնենք կամավոր ատեստավորման պատուհանը: Ընդ որում առարկաների ցանկը կընդլայնենք, այսինքն բոլոր առարկաներով ատեստավորում կիրականացնենք:

Հաջորդ փուլով արդեն իսկ ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի երկրորդ ատեստավորումը՝ ավելի բարձր չափանիշներով: Այն ուսուցիչները, որոնք մի անգամ արդեն իրենց աշխատավարձը իրենց որակավորմամբ կարողացել են բարձրացնել, նրանք հնարավորություն կունենան եւս մեկ անգամ իրենց աշխատավարձը բարձրացնել 30, 40, 50 տոկոսով: Սա կլինի բացարձակապես կամավոր»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս ամբողջ գործընթացը կտեւի 3-4 տարի:

«Եթե կլինեն ուսուցիչներ, որոնք չեն դիմել ատեստավորման, բնականաբար, կառավարության մոտ հարց կառաջան, թե ինչու ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձը կրկնապատկելու հնարավորությունից: Սա հարց է, որի պատասխանի վրա մենք պետք է աշխատենք եւ շարունակենք մեր ուսուցիչներին քաջալերել, որ իրենց գիտելիքի հաստատմամբ իրենց աշխատավարձը բարձրացնեն: Այս իրավիճակի արդյունքում մենք ՀՀ հանրակրթական համակարգում կունենանք բացառապես բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ: Այն ուսուցիչները, որոնք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավորում, բնականաբար, մենք այդ ուսուցիչներին կաջակցենք մասնագիտական վերապատրաստում անցնել եւ աշխատանք փորձել գտնել բոլորովին այլ ոլորտներում: Մենք կարծում ենք, որ կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր  որակավորում ունեցող ուսուցչի ներկայությունը դպրոցներում»,-ընդգծեց Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ կամավոր ատեստավորման համար դիմել էին 1372 ուսուցիչ, որոնցից ատեստավորմանը մասնակցել է 996 ուսուցիչ. «Նրանցից 468 ուսուցիչ (47,2 տոկոս) կստանան աշխատավարձի 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար: Ուսւոցչի մեկ դրույթի միջին աշխատավարձը կազմում է 125 հազար դրամ: Այսպիսով, 30 տոկոս հավելավճար  ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 37 հազար դրամով, 40 տոկոս հավելավճարի դեպքում՝ 50 հազար դրամով, իսկ 50 տոկոս հավելավճարի դեպքում շուրջ 61 500 դրամով: Ատեսատավորումը եղել է 7 առարկաների գծով. Հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբարություն եւ աշխարհագրություն:

Փաստորեն 538 ուսուցիչներ չեն հաղթահարել այն շեմը, որը պետք էր, որ հայտնվեին հավելավճարներ ստացողների թվում: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մաթեմատիկա առարկայից, մասնակցածների 87 տոկոսը հաղթահարել է շեմը: Երկրորդ տեղում ֆիզիկան է՝ 56 տոկոս, երրորդ տեղում՝ հայոց լեզուն՝ 41 տոկոսը: Ամենացածր ցուցնաիշը գրանցվել է քիմիայից՝ 11 տոկոս եւ աշխարգարությունից՝ 20 տոկոս»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ատեստավորման ժամանակ շեմը չհաղթահարած ուսուցիչները հնարավորություն կունենան նորից մասնակցել կամավոր ատեստավորմանը, սակայն դա անսահյմանափակ չի կարող լինել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում