Գնդակը Երևանի դաշտում է․ Զախարովան՝ Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մասին
Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական կողմը բավարարված է, որ Հայաստանը պահպանում է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու շահագրգռվածությունը։ Համոզված ենք, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- անդրադառնալով Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն ուղարկելու հարցին՝ ասել է Զախարովան։
Ըստ Զախարովայի, նման որոշումները համակարգվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում և հաստատվում ամենաբարձր մակարդակով։ Հենց որ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ եղանակների ամրագրման աշխատանքներին։
«Այնպես որ, գնդակը Երևանի դաշտում է»,- խոսքն ամփոփել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ մարտի 31-ին ՀԱՊԿ-ը վերահաստատել էր հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը:
Կարծիքներ