ՀՀ-ն ցանկանում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի ունենա հնարավորինս արագ, դա բխում է մեր շահերից. Գնել Սանոսյան

ՀՀ-ն ցանկանում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի ունենա հնարավորինս արագ, դա բխում է մեր շահերից. Գնել Սանոսյան

Հայաստանը երբևէ չի համաձայնել եւ չի համաձայնելու որեւէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության։

Այս մասին ընդգծել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

«Որեւէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության Հայաստանը երբևէ չի համաձայնել եւ համաձայն չի լինելու։ Մյուս կողմից մենք հավատարիմ ենք բարձր մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել սույն թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում, վերահաստատվել են հետևյալ պայմանավորվածությունները. 

Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար 29.8 եւ 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան տեղի է ունենալու 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա:

Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն կողմերի ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Այս պայմանավորվածությունները հրապարակային են և հրապարակվել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հանդիպման ավարտին։ Այս պայմանավորվածության շրջանակում Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պատրաստ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, այլ նաև ցանկանում է, որ դա տեղի ունենա հնարավորինս արագ, քանի որ դա բխում է մեր շահերից»,- ասել է Սանոսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում