Գնման իրավունքի պայմանագիր հնարավոր կլինի կնքել ոչ միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու, այլև բնակելի տների դեպքում. Թունյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
«Գործող կարգավորումներով քաղաքացիները կարող են անշարժ գույք ձեռք բերել և մինչև շենքի կառուցապատումը ավարտին հասնելը, այսինքն՝ մինչև ավարտական ակտ ստանալը կարող են կնքել գնման իրավունքի պայմանագրեր, գործընթացը սկսել ավելի շուտ: Սակայն ներկայիս կարգավորումներն այնպիսին են, որ այդ հնարավորությունը տարածվում է միայն բազմաբնակարան շենքերի վրա:
Օրենքի փոփոխությամբ նման հնարավորություն ենք ընձեռում նաև բնակելի տների դեպքում: Բնակելի տներ ձեռք բերելու դեպքում նույնպես հնարավորություն կլինի կնքել գնման իրավունքի պայմանագրեր»,- ասաց Թունյանը:
Այսպես, նախագծի ընդունումից հետո քաղաքացիները կկարողանան անհատական բնակելի տներ կառուցելիս օգտվել բոլոր այն հնարավորություններից, ինչից օգտվում են ներկայումս բազմաբնակարան շենքերի կառուցապատողները:
Կարծիքներ