ՀՀ ԱՆ ներկայացուցիչները վրացի գործընկերների հետ քննարկել են COVID-19-ի կանխարգելման վերաբերյալ հարցեր
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները տեսահանդիպում են ունեցել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գործընկերների հետ:
Երկու երկրների մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը, վիճակագրական վերջին տվյալները, կիսվել լավագույն փորձով, ոլորտի նորություններով, խոսել COVID-19-ի կանխարգելիչ միջոցառումների, կատարված հետազոտությունների և բուժման գործընթացի վերաբերյալ:
Լենա Նանուշյանը ողջունել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում նման առցանց հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը:
«Ուրախ եմ կրկին հանդիպելու. վերջին շրջանում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել թե՛ ամբողջ աշխարհում և թե՛ մեր երկրներում՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված: Վստահ եմ, որ մեր մասնագետների ձեռք բերած փորձը, համատեղ աշխատանքը հնարավորություն կտան հաղթահարելու համավարակը»,- ասել է Լենա Նանուշյանը:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու նման հանդիպումները:
Կարծիքներ