ԱԱԾ աշխատակիցը կատարել է արարք, որը չի բխել ծառայողական անհրաժեշտությունից. ՀՔԾ-ի պարզաբանումը
Հատուկ քննչական ծառայությունը մասնրամասներ է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից Սերոբ Հարությունյանի քրեական գործի վերաբերյալ:
Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է:
«Հաշվի առնելով փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնած տեղեկատվությունը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից Սերոբ Հարությունյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ունի արդարացվածի կարգավիճակ, ինչպես նաև քրեական գործի վերաբերյալ հանրության հետաքրքրությունն ու վարույթն իրականացնող մարմնին ուղղված հարցումները, անհրաժեշտ ենք համարում նախաքննության տվյալ փուլում առավել մանրամասն ներկայացնել քրեական գործի որոշ հանգամանքներ:
Այսպես, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և որպես դրա հետևանք այդ տեղեկությունն այլ անձի կողմից ապօրինի տարածելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ.
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող գնդապետ ՍերոբՀարությունյանը 2020 թվականի հունվարի 9-ին ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից` առանց համապատասխան ցուցման և իրավաչափ հիմքի առկայության, ստուգել և ստացել է Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, այսինքն` կատարել է արարք, որը չի բխել ծառայողական անհրաժեշտությունից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործությունը հիմնավորելու համար բացի արարքից անհրաժեշտ է հիմնավորել, որ պաշտոնատար անձն ունեցել է որևէ շահագրգռվածություն, ինչպես նաև պետք է հիմնավորել, որ հանրորեն վտանգավոր հետևանքը վրա է հասել պաշտոնատար անձի արարքի հետևանքով:
«Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիմնավոր կասկածից վեր բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել Ս. Հարությունյանի կողմից վերը նկարագրված գործողությունը շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով կատարված լինելու վերաբերյալ: Բացի այդ, տվյալներ ձեռք չեն բերվել, որ Սուրեն Պապիկյանի վերաբերյալ համացանցում տարածված տեղեկատվության ստացման աղբյուրը եղել է հենց Ս. Հարությունյանը, այսինքն` չի հաստատվել, որ վերջինիս կողմից ստացված` անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկատվությունը պահվել, որևէ կերպ օգտագործվել կամ տարածվել է նրա կողմից կամ նրա գործողությունների կամ անգործության հետևանքով:
Նկատի ունենալով, որ չի հաստատվել Ս. Հարությունյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմի պարտադիր հատկանիշների` սուբյեկտիվ կողմի և արարքի ու հետևանքի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, 2021 թվականի մարտի 10-ին որոշում է կայացվել նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին` հիշյալ ծառայողին վերագրվող ոչ իրավաչափ գործողությունները քննարկման առարկա դարձնելու համար»,- նշված է հաղորդագրության:
Կարծիքներ