Այս պայմաններում ՀՀ-ի դիվանագիտական ծառայությունը դարձել է շատ ավելի կարևոր. Միրզոյան

Այս պայմաններում ՀՀ-ի դիվանագիտական ծառայությունը դարձել է շատ ավելի կարևոր. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների վկայագրերի հանձման արարողությանը: 

«ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ, 

Հարգելի՛ դեսպան Գաբրիելյան,

Սիրելի՛ շրջանավարտներ,

Մինչ ելույթիս հիմնական հատվածին անցնելը՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, պարոն Շահիդ։ Բավականին հագեցած երեք օրերի ընթացքում Դուք նշանակալի հանդիպումներ եք ունեցել ինչպես գործադիր և օրենսդիր մարմինների իմ գործընկերների, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Եվ շատ ուրախ եմ, որ ընդունեցիք նաև Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի շրջանավարտների վկայականների հանձման արարողությանը  մասնակցելու իմ հրավերը։ 

Դառնալով օրվա գլխավոր գործող անձանց, 

Սիրելի՛ շրջանավարտներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Իրապես, Ձեր կյանքում ևս մեկ բարձունք այսօր նվաճեցիք։ Եվ անկախ նրանից, թե ձեզնից ովքեր շուտով կհամալրեն Հայաստանի Հանրապետության  դիվանագետների շարքերը, և ովքեր կշարունակեն իրենց ճանապարհն այլ ուղղություններով՝ իրենց նպաստը բերելով հանրային կյանքի տարբեր ոլորտների առաջմղմանը, այսօր բոլորը հաջողել են։ 

Ինչո՞ւ։ Որովհետև այն գիտելիքը, փորձը և համախոհների համայնքը, որոնք ձեռք եք բերել Դպրոցի մեկ տարվա ընթացքում ի նպաստ ձեզ է աշխատելու և ձեզ հետ է լինելու ամբողջ հետագա կյանքում։ Որքան էլ որ ներկայիս աշխարհը փոփոխական է և անակնկալներով լի, անփոփոխ է մնում մեկ բան․ ցանկացած նախաձեռնության և գործի հաջողության հիմքում ընկած է առաջատար գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով զինված մարդը։

Եվ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական դպրոցում դուք հնարավորություն եք ստացել համընթաց շարժվել աշխարհի գիտական մտքի և պրոֆեսիոնալ հմտությունների նվաճումների հետ։ Միջազգային հարաբերությունների տեսությունից մինչև իրական կյանքի բանակցություններ, արտաքին քաղաքականության վերլուծությունից մինչև բարդ իրավիճակում կողմնորոշվելու կարողություն․ այս ամենը ամուր հիմք է ցանկացած բնագավառում հաջողելու համար։ 

Հարգելի՛ ներկաներ,

Հայաստանի դիվանագիտական դպրոցը իր գործունեության 13 տարիների ընթացքում շուրջ երկու հարյուր շրջանավարտ է ունեցել, որոնց զգալի մասը դարձել է դիվանագետ և այսօր մեր արտաքին քաղաքական ծառայության հիմքն է հասցրել դառնալ։ Այստեղ ցանկանում եմ գնահատանքի խոսքեր հայտնել Դիվանագիտական դպրոցի տնօրեն պարոն Գաբրիելյանին՝ դիվանագետների սերնդափոխության գործում ունեցած ներդրումի և դիվանագիտական համակարգում մարդկային ու մասնագիտական ներուժի զարգացմանը նպաստելու համար:

Ցանկանում եմ ընդգծել, որ թերևս չկա ավելի լավ ժամանակ դիվանագետ դառնալու համար։ Աշխարհում ընթացող բեկումնային փոփոխությունները, մեր տարածաշրջանում տիրող իրադրությունը, մեծ մարտահրավերներ են առաջ բերում, բայց, միաժամանակ, նաև մեծ հնարավորություններ են ստեղծում ճկուն միտք, նորարարական  մոտեցում և աննկուն կամք ունեցող դիվանագետի համար ինքնադրսևորվելու, իր ոլորտում իրական փոփոխություններ բերելու և իր ժողովուրդի համար լրացուցիչ արժեք ստեղծելու համար։

Այս պայմաններում դիվանագիտական ծառայությունը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությունը դարձել է շատ ավելի կարևոր, շատ ավելի պատասխանատու և շատ ավելի մեծ անձնազոհություն պահանջող։ Եվ չնայած մեծ պահանջներին ու ոչ այդքան մեծ ռեսուրսներին, ես համոզված եմ՝ մենք կընդունենք մարտահրավերը և կիրականացնենք մեր վրա դրված առաքելությունը՝ ի բարօրություն հայ ժողովրդի և համայն մարդկության առաջխաղացման։

Սիրելի՛ շրջանավարտներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և ամենայն հաջողություն մաղթում ձեր հետագա մասնագիտական գործունեության մեջ։ Հուսով եմ, որ շուտով ձեզանից շատերին կհանդիպեմ այստեղ՝ ամենօրյա աշխատանքում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարն իր ելույթում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում