ՆԳՆ վարչական շենքի հարևանությամբ մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. «Պորշ»-ում գտնվողներն եղել են ոչ սթափ
Հոկտեմբերի 16-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի «90 YV 909» համարանիշի ավտոմեքենան Կորյուն և Չարենց փողոցների հատման վայրում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության վարչական շենքի հարևանությամբ՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայրում «Porsche Cayenne»-ի մեջ գտնվող 2 քաղաքացիներ ասել են, որ վարորդներն իրենք են եղել։ Տեղում ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, և ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները պարզել են նշված անձանց ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք Երևանի բնակիչներ 52-ամյա Աշոտ Խաչատրյանն ու 37-ամյա Արմեն Հովակիմյանն են։
Վերջիններս վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել, ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ, ավտոմեքենայի ապակիներն էլ եղել են մգացված։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե նշված անձանցից ով է եղել վարորդը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ոստիկանության ծառայող է, ում ինքնությունը նույնպես պարզվում է։
Կարծիքներ