Հայաստանը պլանավորում է երկրորդ արբանյակն ուղարկել տիեզերք
Բաց թողնված առաջին հայկական արբանյակից բացի Հայաստանը մտածում է նաև երկրորդ արբանյակ բաց թողնելու մասին, որը կարող է լինել հայկական արտադրության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը՝ անդրադառնալով երկրում արբանյակաշինության զարգացման վերաբերյալ հարցին:
«Տիեզերական ծրագրերը բավականին երկարաժամկետ պլանավորման արդյունք են լինում: Առաջին արբանյակի արձակումը մեզ մոտ ստացվել է շատ աննախադեպ արագությամբ: Բայց այդ ընթացքում կուտակված պոտենցիալը և ձեռքբերումները մեզ թույլ են տալիս խոսել այն մասին, որ մենք շատ արագ կանցնենք արդեն պետական երկրորդ արբանյակի կազմակերպման, նախագծման աշխատանքներին: Այն առաջին արբանյակից էականորեն կտարբերվի ոչ միայն իր տեխնիկական հատկություններով, այլ նաև այն բանով, որ և նախագծման, և ամենայն հավանականությամբ, ինտեգրացիայի զգալի մասը կարվի Հայաստանում: Այն ոչ միայն կլինի երկրորդ հայկական արբանյակը, այլ նաև կլինի հայկական արտադրության առաջին արբանյակը»,-ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ դա է նպատակը:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ նշեց, որ Հայաստանում SATLANTIS ընկերության գրանցումն արդեն նախանշած քայլերից մեկն էր արբանյակաշինության զարգացման ուղղությամբ:
Միևնույն ժամանակ փոխնախարարը վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետության տիեզերական ծրագրերը կրում են բացառապես խաղաղ բնույթ, և արբանյակից ստացված տվյալներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով, այդ թվում՝ անվտանգային նպատակներով մոնիթորինգ իրականացնելու համար:
Ասուլիսի շրջանակում ներկայացվեցին նաև երկրագնդի տարբեր կետերից արված լուսանկարներ, օրինակ՝ Հայաստանի արևելյան սահմանագծին մոտ գտնվող պատկեր, որն արվել է սեպտեմբերի 14-ին:
Մայիսի 25-ին ԱՄՆ-ից բաց է թողնվել հայկական առաջին արբանյակը: ARMSAT-1 հայկական առաջին արբանյակը թեստավորման արդյունքում դրական արդյունքներ է ցույց տվել, ամբողջությամբ պատրաստ է շահագործման:
Կարծիքներ