Ռոմանոս Պետրոսյանը շնորհավորել է օդերևութաբանների մասնագիտական տոնը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Oդերևութաբանի օրվա՝ մարտի 23-ի կապակցությամբ.
«Արդեն 71 տարի է, ինչ հիդրոօդերևութաբանական ողջ հանրությունը նշում է իր մասնագիտական տոնը՝ Օդերևութաբանության համաշխարհային օրը, իսկ մեր հանրապետությունում վերջինս նշվում է արդեն 17-րդ անգամ՝ որպես Օդերևութաբանի օր:
Այս տարվա Օդերևութաբանության համաշխարհային օրվա նշանաբանն է «Օվկինոսը, մեր կլիման և եղանակը», որն իր մեջ լրջագույն խորհուրդ է պարունակում՝ հիմքում ունենալով կլիմայի և եղանակի համար օվկանիոսի նշանակության գաղափարը:
Օվկիանոսը համաշխարհային եղանակի և կլիմայի գլխավոր շարժիչն է, քանի որ կարգավորում է կլիման, էներգիա է տալիս, ինչպես նաև արտադրում է թթվածին։ Այն նաև կարևոր դեր ունի կլիմայի փոփոխության գործընթացում: Կլիմայի գլոբալ փոփոխությունն իր անմիջական ազդեցությունն է ունենում նաև օվկիանոսի վրա, ինչը բացասաբար է ազդում ջրի թթվայնության, բուսական ու կենդանական աշխարհի վրա։
Հարկ է նշել, որ մեր օրերում կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական ազդեցության շրջանակն ավելի է ընդլայնվել՝ ներառելով տարբեր ոլորտներ՝ սննդի անվտանգություն, առողջապահություն, գյուղատնտեսություն և այլ ոլորտներ:
Եղանակային և կլիմայական փոփոխություններին պատրաստ լինելու և ջրային ռեսուրսները խնայողաբար օգտագործելու վարքագծի դրսևորումը գնալով ավելի է կարևորում, քանի որ կլիմայի երկարաժամկետ փոփոխությունը մեծացնում է ծայրահեղ իրադարձությունների ինտենսիվությունն ու հաճախականությունը, նաև հանգեցնում է ծովի մակարդակի բարձրացման և օվկիանոսի թթվայնացման։
Կարևորելով օրվա խորհուրդը՝ մեկ անգամ ևս ցանկանում եմ արժևորել մեր երկրում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ի դերը կլիմայի փոփոխության որոշումների կայացման գործում, որի գլխավոր գերակայություններից մեկն է կյանքի, ապրուստի միջոցների և գույքի պաշտպանությունը եղանակային, կլիմայական և ջրային իրադարձությունների հետ կապված ռիսկերից։
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ շնորհակալություն եմ հայտնում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին` մասնագիտական բարձր որակներ դրսևորելու, պատրաստականություն ու նվիրվածություն ցուցաբերելու համար: Մաղթում եմ ձեզ նորանոր մասնագիտական նվաճումներ, քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն»,- գրել է նա։
Կարծիքներ