Ադրբեջանի խորհրդարանում կրկին սպառնացել են բացել «միջանցքը»

Ադրբեջանի խորհրդարանում կրկին սպառնացել են բացել «միջանցքը»

«Եվրախորհրդարանի անվտանգության կոմիտեի նախագահ, հակաադրբեջանական ցանցի գլխավոր դեմքերից՝ Նատալի Լուազոն, որին Նիկոլ Փաշինյանը մյունխենյան գագաթնաժողովում փետրվարի 19-ին մեդալ է շնորհել, հայտարարել է, որ իրենց գլխավոր նպատակը տարածաշրջանում տեղակայված եվրոպական առաքելության գործունեությունն է։ Այո, ռազմավարական նպատակը ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի համար հող նախապատրաստելն է՝ տարածաշրջան ներխուժման համար, և փետրվարի 12-ին սահմանին տեղի ունեցած միջադեպի պատճառը հենց Արևմուտքի ռազմական կորպուսը «Զանգեզուրի միջանցք» մտցնելն էր»․ ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Մեջլիսի այսօրվա նիստում ասել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը:

Զահիդ Օրուջն անդրադարձել է նաև փետրվարի 12-ին Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսի հարցազրույցին և ընդգծել, որ ԵՄ-ը նախատեսում է Սյունիքում 110 մլն եվրո ներդնել անվտանգության համար. «Հարց է առաջանում՝ մեր երկիրը հայտարարել է, որ ռազմական ճանապարհով ետ է վերցնելու այդ տարածքները, այդ պատճառո՞վ է ԵՄ-ն այդքան մեծ միջոցներ ներդնում Զանգեզուրում»։ 

Ըստ ադրբեջանցի պատգամավորի՝ ԵՄ առաքելությունները տարբեր երկրներում նպատակ են ունեցել հակամարտությունների կառավարման միջոցով շահագործել այդ երկրների տնտեսական ռեսուրսները․

«Ուստի, միջազգային առաքելությունները չպետք է մոռանան, որ ադրբեջանցիները, որոնք այդ հողերի պատմական տերերն են, բացելու են Զանգեզուրի ճանապարհը»,- սպառնացել է նա։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում