ՀՀ ՄԻՊ-ը Կոռնիձորի քաղաքացիական ընդունելության կենտրոնում է. նա զրուցել է տեղահանվածների հետ
Մենք ակնհայտորեն գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ. ՀՀ ՄԻՊ
ՀՀ օմբուդսմենը զրուցել է ԼՂ-ից տեղահանվածների հետ և տվյալներ հավաքագրել: Այդ մասին Կոռնիձորի քաղաքացիական ընդունելության կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
«Մի բան կուզենամ հստակ արձանագրել, որ տվյալ պարագայում մենք ակնհայտորեն գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ, որովհետև նույնիսկ այն դեպքերում, երբ մարդիկ, ըստ էության, այո՛, իրենք են այս պահին դուրս գալիս իրենց տներից, իրենց հայրենիքից, բայց ակնհայտ է, որ այդ իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ իրենք չունեն իրենց հիմնարար իրավունքների վերաբերյալ երաշխիքներ, անվտանգության երաշխիքներ»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը, ապա նաև հավելեց, որ թերսնման պատճառով նաև հղիների իրավունքներն են ոտնահարված եղել:
Անահիտ Մանասյանը տեղեկացրեց, որ տեղահանվածներին նաև հոգեբանական աջակցություն է տրամադրվում, իսկ ինչ վերաբերում է դպրոցահասակ երեխաների իրավունքների պաշտպանությանը, ապա այս մասով հորդորեց ԶԼՄ-ներին նրանց ուշադրության կենտրոնում չպահել:
«Խնդրում ենք ԶԼՄ-ներին, որպեսզի, եթե նկարներ կամ տեսանկարահանում են արվում, հնարավորինս դեմքերը փակված լինեն, կամ հեռարձակվող կադրի մեջ նրանք չլինեն, որովհետև երեխաների տեսանկյունից սա շատ կարևոր իրավունքի երաշխավորության հարց է»,- ընդգծեց ՀՀ ՄԻՊ-ը:
Օմբուդսմենը նաև տեղեկացրեց, որ նաև միջազգային գործընկերների հետ է աշխատանք իրականացնում:
Կարծիքներ