Պարեկները մեկ ամսում Երևանում 315 հետիոտնի են տուգանել (տեսանյութ)
Պարեկային ծառայության Երևանի գնդի աշխատակիցները շարունակում են շուրջօրյա ծառայությունը մայրաքաղաքում. հիմնական նպատակներն են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն ու հասարակական կարգի պահպանությունը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Փողոցը չթույլատրված վայրով անցնողները զգուշացվում են, որոշ դեպքերում՝ տուգանվում։ Միայն մեկ ամսում, հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 12-ը, Երևանում կազմվել է հետիոտնի կողմից երթևեկելի մասերի հատման կանոնների խախտման 315 արձանագրություն։
«Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ՝ վարորդներ, ուղևորներ ու հետիոտներ, ձեր իսկ անվտանգությունից ելնելով՝ պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ