Արմավիրի մարզում ոստիկանները վնասազերծել են կնոջը սպանած կասկածյալին, վերջինս նռնակ է պայթեցրել

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, դետեկտիվ ժանրի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գրիբոյեդով գյուղում է գտնվում այսօր Նուբարաշենում 41-ամյա կնոջն առանձնակի դաժանությամբ սպանած կասկածյալը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ՝ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, նույն գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը։
Ոստիկաններն իմանալով, որ հնարավոր է՝ նա զինված է, տարհանել են բնակիչներին, ապա բանակցություններ վարել, որպեսզի նա ինքնակամ ներկայանա իրավապահներին։
Մինչ ոստիկանները բանակցություններ էին վարում, կասկածյալը մարտական նռնակ է պայթեցրել, ինչի արդյունքում տան ննջասենյակում եղած գույքն ու տան պատուհանների ապակիները կոտրվել են։
Պայթյունից հետո ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, մտել են այդ տուն և, մինչ նա փորձում էր այլ գործողություններ կատարել, նրան վնասազերծել են։
Աղբյուրի տեղեկություններով՝ կնոջը սպանած և մարտական նռնակ պայթեցրածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Մեսրոպ Գ․-ն է, ում տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Վաղարշապատի հավանդանոցի բժիշկների հեթապահ խումբը։
Բարեբախտաբար՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Իսկ Մ․ Գևորգյանը տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ահոկտեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բացելով տան դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ դի, արնաշաղախ վիճակում։
Կարծիքներ