ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հյուսիսային Մակեդոնիայի առաջին դեսպանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կրում Եֆրեմովը (նստավայրը՝ Կիև):
Ինչպես հայտնում են նախագահի նստավայրից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ նա, որպես մեր երկրում Հյուսիսային Մակեդոնիայի առաջին դեսպան, իր պաշտոնավարման ընթացքում զգալի ներդրում կունենա առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ փոխգործակցության իրական ներուժի իրացման գործում:
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ չնայած Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիան ունեն դիվանագիտական հարաբերությունների կարճ ընթացք, երկու երկրների ժողովուրդները միմյանց շատ լավ են ճանաչում, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն և անցել են ծանր փորձությունների միջով:
«Մեր պաշտոնական հարաբերությունները մեզ հնարավորություն կտան առավելագույնս օգտագործել երկու պետությունների հնարավորությունները»,- նշել է նախագահը:
Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին՝ նախագահ Խաչատուրյանը մասնավորապես առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գործարարության ոլորտները, նշել, որ համատեղ աշխատանքը կարող է համընկնող հետաքրքրություններ ներկայացնող նոր ուղղությունների բացահայտման հնարավորություններ ստեղծել:
Հյուսիսային Մակեդոնիայի դեսպանը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը երկկողմ կապերն առավել զարգացնելու և սերտացնելու համար:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, ընդգծվել, որ խնդրի հանգուցալուծմանը հնարավոր է հասնել բանակցությունների ու դիվանագիտական լուծումների միջոցով:
Կարծիքներ