Ուկրաինան հաղորդել է Կիևի և Օդեսայի հրթիռակոծության մասին, ռուսական կողմը ևս հայտնել է քաղաքների գնդակոծությունների մասին
Այս գիշեր Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով և ռազմավարական ռմբակոծիչներով հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարբեր քաղաքների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ տեղի իշխանությունների՝ Կիևում ԱԹՍ-ներով հարձակման հետևանքով կա առնվազն 5 վիրավոր:
«Երեք տուժածներ կան Սոլոմենսկի շրջանում իրականացված պայթյունի վայրում, մեկը՝ Սվյատոշինսկիում։ Նրանք բժշկական օգնություն են ստանում տեղում։ Սվյատոշինսկիի շրջանում երկու տուժածներ հոսպիտալացվել են», - Telegram-ում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Կլիչկոյի ներկայացրած տվյալներով` անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Սվյատոշինսկիի շրջանի երկհարկանի շենքի վրա։ Կիևում աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը։
Գիշերը հարվածներ են հասցվել նաև Օդեսայի մարզին։ Ըստ «Հարավ» միացյալ հրամանատարության տվյալների՝ X-22 տիպի հրթիռներն ընկել են սննդի ձեռնարկություններից մեկի պահեստի և Սև ծովի ափին գտնվող հանգստի գոտու վրա։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Իսկ իր մայիսի 7-ի երեկոյան տեսաուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ շաբաթ օրը Խերսոնի մարզի ուղղությամբ ռուսական զորքերի հարվածի հետևանքով զոհվել է ինը մարդ, որոնք ականազերծման աշխատանքներ էին իրականացնում։
Ռուսական կողմն էլ հաղորդել է Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածների մասին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԶՈւ-ն 12-ժամյա ընդմիջումից հետո վերսկսել է Դոնեցկի գնդակոծությունը՝ քաղաքի վրա արձակելով 152 մմ տրամաչափի 4 արկ: Այնուհետև գրեթե մեկ ժամ անց Դոնեցկի վրա արձակվել է 155 մմ տրամաչափի 3 արկ:
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից նաև հայտնել են Գոռլովկայի արևմուտքում գտնվող Գագարինի անվան հանքավայրի ավանի մեկ խաղաղ բնակչուհի վնասվածքներ է ստացել Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով: Հսկողության և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչի տվյալներով՝ առավոտվանից Ուկրաինայի զինված ուժերը ծանր հրետանուց երկու անգամ գնդակոծել են Գոռլովկան՝ արձակելով 152 մմ տրամաչափի 9 արկ։
Լույս մայիսի 8-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգից հարված են հասցրել նաև Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Մոլոդյոժնոյե գյուղին։
Կարծիքներ