Այս տոնը մեկ անգամ ևս արժևորում է ձեր դերն ու կշիռը հասարակության մեջ․ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը

Այս տոնը մեկ անգամ ևս արժևորում է ձեր դերն ու կշիռը հասարակության մեջ․ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը կարծես բնորոշում է ձեր գարնանային նուրբ ու եթերային էությունը, մեկ անգամ ևս ուրվագծում և արժևորում ձեր դերն ու կշիռը հասարակության մեջ:

Հատկապես ցանկանում եմ կարևորել և շնորհակալություն հայտնել ձեզ մեր հայրենիքին պատուհասած դժվար օրերին ձեր կամքի, տոկունության և նվիրվածության համար: Դա վկայում էր, որ ձեր անսահման կանացիության ու քնքշության հետևում կանգնած է նաև ուժեղ և կամային հայ կինը, որը, ինչպես պատմության քառուղիներում, այս անգամ ևս հանդես եկավ հայրենասիրության և միասնականության գաղափարներին հավատարիմ:

Սիրելի՛ կանայք, քույրեր,

Վստա՛հ եղեք՝ նաև ձեր անհուն սիրով և հավատքով է զինվորը Հայրենիք պահում, դուք եք կերտում ապագա սերնդի դիմագիծը, դուք եք ոգեշնչում արվեստագետին ու գիտնականին, իսկ սպորտում ձեր հաղթանակները ոչ միայն կամքի և ուժի արտահայտություն են, այլև գեղեցկության հոյակերտ դրսևորում:

Մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում մշտապես թևածեն սերն ու ջերմությունը՝ լի հոգեպարար երջանկության թրթիռներով: Թող ձեր կամքն անվարան լինի՝ խաղաղ հայրենիքում ապրելու և արարելու ճանապարհին»,- ասված է ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում