ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում իրենց գործընկերներին ներկայացրել են Հայաստանի և Արցախի անվտանգային իրավիճակը
Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող՝ «Օրենսդրությունը ԱՄՆ-ում» թեմայով «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում Վաշինգտոնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, Քրիստինե Պողոսյանն ու Ալխաս Ղազարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը և «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը:
Այցի շրջանակում խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Ջեքի Սփիերի, Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեթրին Կլարքսի և Դեյվիդ Փրայսի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի անվտանգային իրավիճակին, ադրբեջանական վերջին ագրեսիային, արցախահայության իրավունքներին առնչվող հարցեր:
Ծրագրի շրջանակում խորհրդարանականները տարբեր հանդիպումներ են ունեցել նաև ԱՄՆ-ում կառավարման, բիզնեսի և հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ:
Կարծիքներ