Շքանշան է շնորհվել զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ժամանակ ականից վիրավորված ԱՀ ԱԻՊԾ հրամանատարին
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան է շնորհվել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տիգրան Հարությունյանին:
Նա ապրիլի 15-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ժամանակ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում ականապայթյունային վիրավորում էր ստացել, այժմ ապաքինման փուլում է:
ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ուղեկցությամբ, այցելել է Տիգրան Հարությունյանին և անձամբ փոխանցել շքանշանը:
Կարեն Սարգսյանը բարձր է գնահատել Տիգրան Հարությունյանի՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախությունն ու անձնական արիությունը, ինչպես նաև առաջադրանքների հմուտ կատարումը և երախտագիտություն հայտնել նրան:
Նախարարը կարևորել է պատերազմի ընթացքում և զինադադարից հետո արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի աշխատանքը, ևս մեկ անգամ նշել, որ փրկարարներն իրենց դրսևորել են արժանապատվորեն և յուրաքանչյուր ծառայողի ընտանիքի սոցիալ-կենցաղային պայմաններն այսուհետ ևս իր անմիջական ուշադրության կենտրոնում կլինեն:
Կարծիքներ