Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շուռնուխում ծանոթացել է պետական միջոցներով կառուցվող բնակելի թաղամասի շինաշխատանքների ընթացքին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շուռնուխում ծանոթացել է պետական միջոցներով կառուցվող բնակելի թաղամասի շինաշխատանքների ընթացքին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն աշխատանքային այցերով եղել է Տավուշի և Սյունիքի մարզերում։ Կոմիտեի ղեկավարը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ այցելել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղ, որտեղ ծանոթացել է «Մայրիկ» պուրակի շինարարական աշխատանքների ընթացքին:

Կատարված աշխատանքները, ընդհանուր առմամբ, գնահատվել են դրական: Միաժամանակ որոշ դիտողություններ են արվել՝ շինարարության գործընթացում լրացումներ կատարելու վերաբերյալ: Շեշտադրվել է, որ պետք է նախաձեռնել և ավարտին հասցնել պուրակի կանաչապատման, խաղային ատրակցիոնների ձեռքբերման, տեղադրման և ցանկապատման աշխատանքները:

 

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը Տավուշի մարզպետի հետ քննարկել է նաև Չինարի գյուղի ռմբակոծված բնակելի տան և անասնագոմի շինարարության ընթացքը:

 

Սահմանամերձ բնակավայրերի վերականգնման ծրագրերի շրջանակներում Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կոմիտեի մասնագետների ուղեկցությամբ այցելել է նաև Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայր՝ ծանոթանալու պետական միջոցներով կառուցվող բնակելի նոր թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքին։

 

Բնակելի 13 տուն, ինժեներական ենթակառուցվածքներ և շուրջ 1 կմ ճանապարհային ցանց ներառող թաղամասում ընթանում են տների տանիքների, արտաքին պատերի կառուցման և երեսպատման աշխատանքներ։ Մի քանի տներում մեկնարկել են նաև ներքին հարդարման աշխատանքները։

Տեղում հետևելով շինարարական աշխատանքներին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը կապալառու կազմակերպությանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ մասնագիտական խումբը համալրելով անհրաժեշտ աշխատուժով՝ շինարարական աշխատանքների ընթացքն արագացնելու և ծրագիրը սահմանված ժամկետում ու պատշաճ որակով ավարտին հասցնելու նպատակով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում