Ամրապնդվում է կապը կրթական հաստատությունների հետ․ Արման Խոջոյանը հանդիպել է ՀԱՀ նախագահի հետ

Ամրապնդվում է կապը կրթական հաստատությունների հետ․ Արման Խոջոյանը հանդիպել է ՀԱՀ նախագահի հետ

Ամրապնդվում է կապը կրթական հաստատությունների հետ․ 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը օգոստոսի 10-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին և համալսարանի ռեկտոր Բրայան Էլիսոնին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի ներուժը երկրի տնտեսության, մասնավորապես՝ գյուղատնտեսության զարգացմանն ուղղելու հնարավարությունները և համագործակցության ուղիները։

«Համալսարանները պետք է դիտարկվեն ոչ միայն որպես մարդկային ռեսուրսի զարգացման կենտրոններ, այլև, որպես ամենաթարմ, նորարարական և գիտական տեղեկատվության կրողներ և փոխանցողներ, որը կարևոր դերակատարում կունենա ճշգրիտ քաղաքականության մշակման գործում»,- նշել է նախարարի տեղակալը։

Շնորհակալություն հայտնելով Ամերիկյան համալսարանի ղեկավարներին համագործակցության համար՝ Արման Խոջոյանն ավելացրել է, որ մտադրություն կա միավորել համալսարանների գիտական ներուժը քաղաքականություն մշակող կառույցների հետ՝ երկրի տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով։ Կողմերը խոսել են համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հեռանկարների մասին և համաձայնության եկել, համատեղելով երկու կողմերի փորձն ու կարողությունները, իրականացնել ոչ միայն առկա խնդիրներին, այլ նաև ապագայի մարտահրավերներին ուղղված ծրագրեր։

«Մենք կրթում ենք ուսանողներին որպես առաջնորդներ և պետք է նաև վստահ լինենք, որ այդ կրթությունը կապահովի ապագային միտված նորարարություններ և որոշումների կայացում», - ասել է Կարին Մարկիդեսը։

Հանդիպմանն առանձնացվել են այն հիմնական խնդիրները, որոնց շուրջ կիրականացվեն համատեղ աշխատանքներ՝ արևային էներգիա, մաքուր ջուր, պլաստիկի օգտագործման նվազեցում, վերամշակող նյութերի լայնածավալ կիրառում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խմբեր՝ պետական և մասնավոր հատվածի, համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Կարին Մարկիդեսը նշել է, որ համալսարանը պատրաստ է իր ներդրումն ունենալ արդեն իրականացվող նախագծերին և հանդես գալ նոր առաջարկություններով՝ դարձնելով դրանք ավելի արդյունավետ՝ հավելելով, որ ՀՀ կառավարության գյուղատնտեսության ոլորտի հնգամայա ռազմավարությունն ուսումնասիրելուց հետո կկարողանան ավելի հստակեցնել` որտեղ և ինչպես կարող են օգտագործել միավորված ռեսուրսները։ Նա առանձնահատուկ շեշտել է համայնքներում ծրագրերի իրականացման կարևորությունը և առաջարկել համատեղ ծրագրերը տեղափոխել ՀՀ մարզեր։ Ամփոփելով հանդիպումը՝ Արման Խոջոյանն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել համայնքներում, ինչը կօգնի ավելի խորը պատկերացում կազմել համայնքային կյանքի և ներուժի մասին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հետևեք մեզ նաև Տելեգրամում