Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են 21 միավոր սառը զենք, ինքնաձիգ, ատրճանակներ
Այսօր Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվել է ուժեղացված ծառայություն: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
«Միջոցառումների ընթացքում կատարվել են տարատեսակ ստուգումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների:
Մեր քաղաքացիների ներողամտությունն ենք հայցում պատճառված անհանգստության համար, բայց միևնույն ժամանակ հիշեցնենք, որ այդ կարգի գործողություններն իրականացվում են հենց քաղաքացու անվտանգությունն ապահովելու նպատակով:
Մասնավորապես այսօր, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հայտնաբերվել է 21 միավոր սառը զենք, 2 ինքնաձիգ, մարտական և գազային ատրճանակներ, թմրանյութ և այլն:
Դժվար չէ պատկերացնել, թե նշված զենքն ինչպիսի վտանգ կարող էր ներկայացնել հենց քաղաքացիների համար:
Ոստիկանությունը պարբերաբար իրականացրել և իրականացնելու է նմանատիպ կանխարգելիչ և նախականխման միջոցառումներ:
Ակնկալում ենք մեր քաղաքացիների աջակցությունը հանրային անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններում»,- նշված է պազաբանման մեջ:
Կարծիքներ