Մեծ Բրիտանիայի դեսպանությունը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը ՀՀ ՆԳ նախարարության հետ

Մեծ Բրիտանիայի դեսպանությունը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը ՀՀ ՆԳ նախարարության հետ

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունվարի 31-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Վահե Ղազարյանը, ողջունելով հյուրերին՝ կարևորել է արտակարգ և լիազոր դեսպանի այցը ՆԳ նախարարություն։ Այնուհետև ներկայացրել է ներքին գործերին նախարարության ձևավորման գործընթացը, ինչպես նաև նախարարությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը, որոնք միտված են բարեվարք, պրոֆեսիոնալ և հանրությանը անձնվիրաբար ծառայող ստորաբաժանումների կայացմանը: Վահե Ղազարյանն այդ համատեքստում ընդգծել է պարեկային ծառայության կարևորությունը՝ հավելելով, որ այս տարի նախատեսվում է ծառայության ներդրումը հանրապետության ողջ տարածքում։

«ՆԳ նախարարը անդրադարձավ նաև համացանցի միջոցով կատարվող հանցագործություններին և դրանց կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ շեշտելով, որ Քրեական ոստիկանության կազմում ձևավորվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բավական արդյունավետ գործող ստորաբաժանում։

Վահե Ղազարյանը Ջոն Գալագերին շնորհակալություն հայտնելով մինչ այս ցուցաբերած բազմակողմ աջակցության համար՝ հույս հայտնեց, որ այսուհետ ևս Միացյալ Թագավորության դեսպանությունը կաջակցի ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին։ Վահե Ղազարյանը շեշտեց, որ նախարարությունը պատրաստակամ է համագործակցությունն ու փորձի փոխանակումը ավելի խորացնելու և առավել բարձր մակարդակի հասցնելու առումով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վահե Ղազարյանին շնորհավորել է ՆԳ նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Այնուհետև արտակարգ և լիազոր դեսպանը ներկայացրել է Միացյալ Թագավորության դեսպանության կողմից իրականացվող ծրագրերը և գոհունակություն հայտնեց ՆԳ նախարարին՝ դրանք կարևորելու և գնահատելու համար։ «Ջոն Գալագերը, անդրադառնալով մի շարք ոլորտներում ցուցաբերած թիրախային աջակցությանը, պատրաստակամություն հայտնեց շարունակել արդյունավետ համագործակցությունը ՆԳ նախարարության հետ հատկապես այն ուղղություններով, որոնք նախարարությունն առաջնահերթ կհամարի»,- հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հյուրերին ներկայացրել է նախարարության կառուցվածքը և հիմնական գործառույթները՝ կարևորելով Միացյալ Թագավորության աջակցությունն ու փոխանցած փորձը Հայաստանի Կառավարությանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, աղետների ռիսկերի կառավարման, փրկարար ծառայության կադրերի մասնագիտական հմտությունների կատարելագործման, կիբեռհանցավորության դեմ պայքարի և այլ ոլորտներում։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նաև կարևորագույն այլ ուղղություններ։

Ըստ աղբյուրի՝ ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հյուրերին ներկայացրել է ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով նոր ձևավորված տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի կարևորությունը նաև հանցագործությունների կանխման ու բացահայտման առումով։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում